Վատիկանի Սբ. Պետրոս տաճարում Հռոմի պապի կողմից ապրիլի 12-ին տրված պատարագը Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեռքբերումներից է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 14-ին, լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, որը Վատիկանում ներկա է եղել մատուցված պատարագին։
«Առաջին անգամ էր, որ նման պատարագ է մատուցվում կաթոլիկ եկեղեցու հովվապետի կողմից։ Երկրորդ՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապը չխորշեց իրերը կոչել իրենց անունով՝ հայերի հետ կատարվածն անվանելով ցեղասպանություն։ Երրորդ՝ առաջին անգամ հնչեց նաեւ մեր կաթողիկոսների աղոթքը, որը մեծ խորհուրդ է պարունակում։ Մեզ համար շատ կարեւոր էր նաեւ այն փաստը, որ կաթոլիկ եւ հայ առաքելական եկեղեցիների ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ Գրիգոր Նարեկացին հռչակվեց՝ որպես տիեզերական եկեղեցու վարդապետ»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը։
Նրա խոսքով՝ մատուցված պատարագի վերաբերյալ թուրքական կողմի արձագանքը սպասելի էր, իսկ հայ ժողովրդի դեպքում ապրիլի 12-ից հետո լավատեսությունն ավելացել է։
«Նկատելի է, որ մեր ժողովրդի լավատեսությունը բարձրացել է, մենք նման դրական ազդակների կարիք շատ ունենք»,- ավելացրեց Սամվել Ֆարմանյանը։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հռոմի Պապը Վատիկանում ապրիլի 12-ին սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագի ժամանակ հայտարարել է, որ հայերը 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհ են դարձել իրենց ազգային պատկանելիության համար:



























