Գյումրիում մարտի 7-ի ուշ երեկոյան հնչած կրակոցների գործով մեղադրյալներից երկուսին ազատ է արձակվել: Վերաքննիչ դատարանը երեկ՝ ապրիլի 14-ին, վերացրել է Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Հովհաննես Տոնոյանին նկատմամբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու վերաբերյալ եւ նրան ազատ են արձակել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում փաստաբան Թամարա Յայլոյանն ասաց, որ դատարանը նույնիսկ գրավ չի կիրառել, այլ ընտրել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին՝ ցուցաբերելով օբյեկտիվ եւ արդարացի մոտեցում: Վերաքննիչ դատարանը արձանագրել է, որ առաջին ատյանի որոշումը անօրինական է եւ հիմնավորված չէ:
Փաստաբանը բողոքարկել էր իր պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը: Իր պաշտպանյալներից Համլետ Գեւորգյանի դեպքում նիստը հետաձգվել է, այն կկայանա ապրիլի 16-ին: Թամարա Յայլոյանն ասաց, որ պատրաստվում է միջնորդություն ներկայացնել իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ: Փաստաբանից տեղեկացանք նաեւ, որ մի քանի օր առաջ էլ իր պաշտպանյալներից Դավիթ Հակոբյանին 500 հազար դրամ գրավի դիմաց ազատ են արձակել, դատաքննությանը մասնակցել է պաշտպան Վահան Մանուկյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրիի Արցախ թաղամասում` Տերյան փողոցում, գիշերը կրակոցներ են հնչել: Ժամը 23:30-ից մինչեւ 00:30-ը սահմաններում տարբեր վնասվածքներով Գյումրիի բժշկական կենտրոն է տեղափոխվել 6 մարդ: Վիրավորներից 3-ը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուսները վիրավորվել են կտրող-ծակող գործիքներից:
Հիվանդանոց տեղափոխված անձինք են՝ Ղազարյան Սմբատ, Ղազարյան Գագիկ, Ղազարյան Կնյազ, Հակոբյան Վլադիմիր, Գեւորգյան Համլետ, Ղուկասյան Գագիկ: Նրանցից երեքին ծանր վիճակում տեղափոխել էին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երեւան տեղափոխվածներն են Կնյազ Ղազարյանը (հրազենից ստացված գանգուղեղային վնասվածքով), ով ավելի ուշ մահացել էր, Գագիկ Ղազարյանը (հրազենից ստացված ձախ ուսի հատվածում վնասվածքով) եւ Գագիկ Ղուկասյանը (բութ գործիքով հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքով)։
Հիվանդանոց տեղափոխված քաղաքացիները Գյումրիի տարբեր թաղամասերից են՝ Արցախ, Սունդուկյան, Կ. Դեմիրճյան փողոցներից: Կրակոցները հնչել են Տերյան փողոցում` «Պեգաս» խանութի մոտ: Գործի շրջանակներում բերման են ենթարկվել տասնյակ անձինք, եղել են բազմաթիվ խուզարկություններ, մեղադրյալների թիվը 6 է, կան նաեւ հետախուզվողներ:





























