Սոցիալական պետական ծառայության Գյումրիի տարածքային ստորաբաժանման կենտրոնի վճարումների գործի շրջանակներում դատավարությունը մասնակի շարունակվում է, իսկ մեղադրյալներից մի քանիսն արդեն ազատ են արձակվել: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում ասաց գործի շրջանակներում մեղադրյալ, ծառայության տեսուչ Արթուր Աբրահամյանի փաստաբան Թամարա Յայլոյանը: Նա նշեց, որ իր պաշտպանյալին 4 տարվա ազատազրկման դատարապարտելու վճիռը Վերաքննիչը բեկանել է եւ որոշել է կիրառել պայմանական ազատազրկում: Մյուս մեղադրյալի՝  ծառայության տեսուճ Կիմա Փիլոսյանի դեպքում վճիռը Վերաքննիչը թողել է անփոփոխ, այժմ նրանք դիմել են Վճռաբեկ դատարան: Կիմա Փիլոայանը եւս դատապարտվել էր 4 տարվա ազատազրկման:

Իսկ «Հ1»-ի մեկնաբան Նվեր Մնացականյանի եղբոր՝ Սոցիալական պետական ծառայության վճարումների Գյումրիի ստորաբաժանման նախկին պետ Ռուբեն Մնացականյանը դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման,  նա դատավճիռը  չէր բողոքարկել, քանի որ պատժի 1/3-ը կրել էր, վաղաժամկետ ազատ է արձակվել:

Թամարա Յայլոյանը տեղեկացրեց նաեւ, որ գործով անցնող մի անձնավորություն եւս կա ՝ կին տեսուչ, ով հետախուզման մեջ էր եւ այժմ ձերբակալել են:

Նշենք, որ սա կենսաթոշակների յուրացման գործով մեղադրվող եւ այժմ կալանքի տակ գտնվող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործի մի մասն է: Այս գործով դատավարությունը դեռ շարունակվում է: