Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը ողջունել է Հռոմի պապի կողմից Ցեղասպանության ճանաչումը եւ Ավստրալիայի  վարչապետ Թոնի Էբոթին հորդորել հետեւել նրա օրինակին, հաղորդում է Armenian Weekly պարբերականը՝ հղում անելով The Australian-ին:

«Շատ ողջունելի է, երբ 1.2 մլն կաթոլիկների հոգեւոր առաջնորդն օգտագործում է սուրբ պատարագի առիթը պատմական ճշմարտության եւ նման սարսափելի հանցագործությունը չմոռանալու անհրաժեշտության մասին խոսելու համար»,-  ասել է հանձնախմբի ղեկավար Վաչե Ղահրամանյանը:

Նա հույս է հայտնել, որ Հռոմի պապի մեսիջը «կարթնացնի Թոնի Էբոթի խիղճը եւ նա, որպես իսկական կաթոլիկ, կհետեւի պապի օրինակին՝ ճանաչելով Ցեղասպանությունն ու մերժելով մասնակցել Թուրքիայի նախաձեռնած միջազգային ֆարսին»:

 Հիշեցնենք, որ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցած պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը 1915թ. Օսմանյան իշխանությունների կազմակերպած հայերի կոտորածներն անվանել էր Ցեղասպանություն: