Ադրբեջանական գերությունից վերադարձած՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի 23-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, որը մարտի 24-ին բուժում է ստանում առողջապահության նախարարության Մաշկաբանության եւ սեռավարակների գիտաբժշկական կենտրոնում, առաջիկա օրերին դուրս կգրվի: Այս մասին NEWS.am-ին ասաց Արսենի մայրը՝ տիկին Սվետան:

«Այսօր կամ վաղն արդեն տուն կգա: Վիճակը կայունացել է, մաշկի վերքերն անցել են»,- ասաց տիկին Սվետան:

Նշենք, որ Արսենն անցած տարվա օգոստոսից պարբերաբար բուժում է ստանում հիվանդանոցում: Նրա մոտ ախտորոշվել է «փսորիազ» հիվանդություն, որն ըստ բժիշկների՝ սթրեսի հետեւանք է:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014թ.-ի մարտի 7-ին հատել էր ՀՀ ու Ադրբեջանի ԶՈւ շփման գիծը եւ գերի ընկել։ Ապրիլի 10-ին ԿԽՄԿ աջակցությամբ Արսեն Խոջոյանը հայրենադարձվել էր։ Արսենը վերադառնալուց հետո բողոքում է առողջական խնդիրներից, իրեն թույլ է զգում եւ ֆիզիկապես, եւ հոգեպես: