Օրեր առաջ Հռոմի Պապ Ֆրանցիսկոս Առաջինի արած հայտարարությունից հետո, որով նա Օսմանյան Թուրքիայում հայոց ջարդերը որակեց որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, Վատիկանի եւ Թուրքիայի միջեւ սրվել են հարաբերությունները։ Թուրքիան հրաժարվում է կատարվածը Ցեղասպանություն որակելուց, քանի որ այդ պարագայում ստիպված է լինելու փոխհատուցում վճարել զոհերի սերունդներին խլած հողերի եւ գույքի դիմաց։ Դրա համար էլ Թուրքիայի համար սովորական է դարձել ամեն անգամ բողոքել, երբ ինչ-որ մեկը բացահայտ խոսում է Հայոց ցեղասպանությունից։ Այս անգամ, սակայն, Անկարան առավել սուր արձագանքեց՝ Պապին մեղադրելով լարվածություն եւ ատելություն սերմանելու մեջ, իսկ այդ ձայներին ականջալուր ազգայանականները այնքան հեռու են գնացել, որ սպառնում են սպանել Հռոմի Պապին։ Այս մասին Die Welt գերմանական պարբերականում հրապարակած իր հոդվածում գրում է Բորիս Կալնոկին։
«Ապրիլի 12-ին մատուցած պատարագին հաջորդեցին արարքներ, որոնք դժվար է քաղաքական առօրյա երեւույթներ անվանել։ Ֆրանցիսկոս 1-ինի խոսքից հետո Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաները եւ իշխող կուսակցության առաջնորդները թափվել են Պապի գլխին։ Առաջին հերթին՝ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, որը Ֆրանցիսկոս Պապին մեղադրում է Եվրոպայում ռասիզմ տարածելու մեջ։ Սակայն թե կոնկրետ ինչպես է Պապը ռասիզմ տարածել Եվրոպայում, վարչապետը իր հայտարարության մեջ չի պարզաբանում»,- գրում է հեղինակը։
Հոդվածագիրն իր զարմանքն է հայտնում թուրք պաշտոնյաների ցուցաբերած վարքի կապակցությամբ։ «Այս ամենի գագաթնակետն իհարկե Թուրքիայի ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքըրի բացարձակ ոչ եվրոպական ոճով արված հայտարարություն էր, որով նա Հռոմի Պապին հիշեցնում է նրա լատինաամերիկյան ծագումը. «Նա Արգենտինայից է, իսկ դա այն երկիրն էր, որ նացիստներին գրկաբաց ընդունեց»,- հայտարարել էր Բոզքըրը եւ առավել մութ մի դիտարկում էր արել ասելով, թե հայկական սփյուռքը Արգենտինայում վերահսկում է տնտեսությունն ու մեդիա դաշտը»,- շարունակում է հեղինակը։
Նրա կարծիքով՝ իրականում այս ամենի հիմքում նաեւ Թուրքիայում ընթացող նախընտրական քարոզարշավն է։ «Նախագահ Էրդողանը խորհրդարանական ընտրություններում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հաղթանակն է ակնկալում։ Ուստի Պապի հասցեին արած հայտարարություններն ու թուրք պաշտոնյաների կեցվածքը այդ քարոզարշավի մի մասն են կազմում։ Եվ դա իր արդյունքներն է տալիս. արդեն ի հայտ են եկել որոշ արմատականներ, որոնք «կուտը կերել են» եւ ձայնակցում են պաշտոնյաներին՝ այնքան հեռուն գնալով, որ սպառնում են անգամ սպանել Հռոմի Պապին։ Այսպես՝ օրինակ, Twitter-ում թուրքական դրոշով ներկայացած մի օգտատեր իր կարճ հաղորդագրության մեջ Պապին հիշեցրել է 1981թ. թուրք Մեհմեդ Ալի Աղջանի կողմից Հովհաննես Պողոս 2-րդ Պապի դեմ կատարած մահափորձի մասին՝ Ֆրանցիսկոս Պապին սպառնալով հետեւյալ բառերով. «Թուրքիայում նման Աղջաններ շատ կան։ Մեկ փամփուշտն արժի 35 ղուրուշ» (60 դրամ),- գրել է օգտատերը ու ավելացրել Հովհաննես Պողոս Պապի վրա մահափորձ կատարած Աղջայի լուսանկարը։





























