Թուրքիան մտադիր է ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ՝ այնտեղ Ղրիմի թաթարների իրավիճակը գնահատելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքը:
«Ղրիմի թաթարների վիճակի հետ կապված անհանգստությունն ու մտահոգությունը հանելու համար, մենք որոշել ենք ոչ պաշտոնական պատվիրակություն ուղարկել Ղրիմ: Պատվիրակության ներկայացուցիչները մտադիր են առաջին ձեռքից տեղեկություններ ստանալ, որոնք թույլ կտան առկա հարցերին պատասխաններ գտնել»,-ասել է նա:
«Մենք սերտ մշակութային եւ պատմական կապեր ունենք Ղրիմում ապրող թաթարների հետ: Նրանք շատ ողբերգական իրադարձություններ են վերապրել, ոմանք չեն կարողացել վերադառնալ իրենց հայրենիք: Մենք չենք ուզում նման բաները կրկնվեն»,-ասել է Չիչեքը:
Նրա խոսքով «որոշ տեղեկություններ, որոնք Թուրքիան ստանում է Ղրիմից, անհանգստացնող են»:





























