NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է Euobserver-ում Էնդրյու Ռեթմանի հրապարակած հոդվածը։

Եվրախորհրդարանը Թուրքիային կոչ  կանի Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց համակերպվել անցյալի հետ, քանի որ ցեղասպանություն իրականում եղել է։ Երեքշաբթի խորհրդարանական խմբերի կողմից  համաձայնեցված համատեղ տեքստը, որը ապրիլի 15-ին քվեարկության է դրվել Բրյուսելում, նույնպես կոչ անում «ԵՄ անդամ այն պետություններին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, անել դա»։  Տեքստում ասվում է, որ Թուրքիան պետք է սկսի իրոք թափանցիկ քննարկումներ տանել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում։  Փաստաթուղթը կոչ է անում Թուրքիային կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։

Այս մասին հայտարարությունն անսպասելի չէ, քանի որ ԵՄ ասամբլեան ընդունել էր Ցեղասպանությունը դեռ 1987թ.։ Սակայն, հավանաբար, սա առաջ կբերի Անկարայի զայրույթը, որը ակտիվորեն պաշտպանում է Թուրքիայի հեղինակությունը եւ որը անհանգստացած է այն կապակցությամբ, որ  այդ ճանաչումը կարող է հանգեցնել փոխհատուցման պահանջների։ 

ԵՄ 10 անդամ երկրներ՝ Բելգիան, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Հոլանդիան, Լեհաստանը, Սլովակիան եւ Շվեդիան, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԱՄՆ-ը դա չի արել մասնավորապես այն պատճառով, որ Սպիտակ տունը զգուշանում է իր դեմ տրամադրել Թուրքիային, որը Մերձավոր Արեւելքում նրա ռազմավարական դաշնակիցն է։ ԵՄ այլ կառույցները նույնպես աջակցում են Թուրքիայի դիրքորոշմանը։

ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը իր հայտարարության  մեջ այս շաբաթ արդեն խուսափեց ցեղասպանություն բառից։ Հայտարարության մեջ ասվում էր. «Շատ կարեւոր է, որ այս ոգով բոլոր գործընկեր երկրները ի վիճակի լինեն առերեսվել իրենց անցյալին բաց եւ հանգիստ քննարկումների միջոցով։ Անցյալ տարի Էրդողանի ելույթը, որում նա ցավ է հայտնում, ողջունելի  քայլ է»։

Բրյուսելում հայամետ «Հայաստանի եվրոպացի ընկերներ» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան այդ առթիվ ասել էր. «Այն, որ ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչությունը «ողջունում է» Էրդողանի քայլը նույնն է, թե ողջունել մեկի խոսքը, ով կհայտարարի, թե Հոլոքոստը Երկրորդ համաշխարհային պատերազմի աննշան դրվագն է»։