Առաջին եռամսյակում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, նախաքննություն է ընթանում, սակայն դեպքերը բացահայտված չեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 16-ին, լրագրողներին ասաց Հայաստանի ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Պողոսյանը։

«Քննչական մարմինները հետաքննություն են իրականացնում, ամեն ինչ առգրավված է եւ ամեն ինչ արվում է դեպքերը բացահայտելու համար»,- ասաց Հունան Պողոսյանը՝ նշելով, որ ոստիկանությունն առաջինն է շահագրգռված, որ բռնության դեպքերը բացահայտվեն։

Նշենք, որ վերջին ամիսներին բռնության են ենթարկվել քաղաքացիական ակտրիվիստներ Վիլեն Գաբրիելյանը՝ «Նավակ Ճոճողը», Վաղինակ Շուշանյանը, Գեւորգ Սաֆարյանը։ Լրագրողների դիտարկմանը, թե Վիլեն Գաբրիելյանն իր նկատմամբ կատարվածի մեջ մեղադրում է ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, Հունան Պողոսյանը պատասխանեց. «Ում ասես, չմեղադրեց Վիլեն Գաբրիելյանը, նույնիսկ զավեշտի հասնող վարկածներ առաջ քաշեց»։

Ինչ վերաբերվում է «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներին կալանավորելուն, ապա Հունան Պողոսյանը հորդորեց այդ հարցով դիմել քննությունն իրականացնող մարմնին, իսկ ոստիկանությունն իր գործառույթն է կատարել՝ աջակցելով քննչական մարմիններին։