Վատիկանում ի գիտություն է ընդունել Հայոց ցեղասպանության մասին խոսքերից հետո Հռոմի Ֆրանցիսկոս Պապի հասցեին Թուրքիայի արձագանքը, սակայն չեն ցանկանում բանավեճի մեջ մտնել: Այս մասին հայտարարել է Վատիկանի մամուլի քարտուղար Ֆեդերիկո Լոմբարդին՝ միաժամանակ հետաքրքիր համարելով արխիվները բացելու հնարավորության եւ 1915 թվականի իրադարձությունների ուսումնասիրման համատեղ հանձնաժողով ստեղծելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը:

Ըստ «Vatican Insider»-ի, Հռոմի կուրիայի բարեփոխումների մասին ճեպազրույցի ժամանակ Ֆեդերիկո Լոմբարդին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է. «Մենք շատ հստակ եւ համաձայնեցված ուղեգիծ ենք ընտրել, եւ ես կցանկանայի շարունակել այդ ուղեգծին համապատասխան»:

Այնուհետեւ նա հավելել է. «Այն, ինչ ասել է Պապը, ինձ շատ պարզ է թվում. նա ասաց դա, նա հնչեցրեց դա, նա վկայակոչեց Հովհաննես Պողոս II-ի եւ Գարեգին II-ի համատեղ հայտարարությունը, այսինքն՝ «ցեղասպանություն» եզրույթն օգտագործեց որպես այդ բառի նախորդ կիրառման շարունակություն, նա ընդգծեց պատմական համատեքստը՝ հիշելով Հայոց ցեղասպանությունը, որն անցյալ դարի ամենասարսափելի իրադարձություններից մեկն էր, եւ որը տեղի է ունենում նաեւ այսօր: Նրա ուղերձը հետեւյալն է. եկեք հաշվի առնենք պատմությունը՝ համապատասխան վերաբերմունք ունենալու համար, որը մեզ թույլ կտա առաջ շարժվել այնպես, որպեսզի այդպիսի իրադարձություններն այլեւս չկրկնվեն: Նրա ուղերձը շատ հստակ էր նրանց համար, ովքեր ցանկանում էին ընկալել դա, դրանում նաեւ դրական հիշատակում կար թուրք եւ հայ ժողովուրդների միջեւ հաշտեցման եւ երկխոսության հաստատման մասին: Իմ կամ որեւէ այլ անձի կողմից լրացուցիչ պարզաբանման կարիք չկա. մենք ի գիտություն ենք ընդունում Թուրքիայի կողմից այս կամ այն արձագանքը, առարկությունները կամ քննադատությունը, բայց չենք կարծում, որ սա այն դեպքն է, երբ կարելի է բանավեճի մեջ մտնել»: