Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խոստացել է անձամբ միջնորդել նախկին զինվորականին, որպեսզի նա կնոջը՝ Ելենային, թույլ տա շուն պահել, քանի որ դա բարի գործ է եւ ամրացնում է ընտանիքը:

ՌԴ քաղաքացիների հետ ուղիղ կապի ընթացքում հաղորդավարը կարդացել է ոմն Ելենայի ընկերուհուց նախագահին ուղղված հարցը: Ապրիլի 25-ին լրանում է նրա 40 տարին, եւ նա շատ է ցանկանում շուն ունենալ: Ընկերուհիները պատրաստ են նրան շուն նվիրել, սակայն Ելենայի ամուսինը՝ պաշտոնաթող գնդապետ, դեմ է տանը շուն պահելուն: Կինը Պուտինին խնդրել է ազդել ընկերուհու ամուսնու վրա՝ օգտվելով գլխավոր հրամանատարի իրավունքից:

Պետության ղեկավարն ասել է, որ հրամայել չի կարող: Նա նաեւ հավելել է, որ այս խնդրանքն իրենց դժվար կացության մեջ է դնում: «Մենք կարող ենք միասին գործողությունների ծրագիր մշակել: Օրինակ՝ կարող ենք Բորիսին խնդրել ընդառաջել կնոջ ցանկությանը: Իսկ Ելենան կարող էր ասել. «Ո՛չ, շուն չեմ ուզում: Կանեմ այնպես, ինչպես դու ես ցանկանում»: Վստահ եմ, որ դրանից հետո նա կնոջը ոչ միայն շուն, այլեւ փիղ կնվիրի, հատկապես, եթե նա դա ասի հարմար պահի, հարմար վայրում: Գուցե նաեւ մուշտակ խոստանա»,- շարունակել է Պուտինը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նախագահն առաջարկել է պարզապես խնդրել զինվորականին: «Բորիս, խնդրում եմ, բարի եղիր, թույլ տուր կնոջդ շուն գնել, առավել եւս՝ դա բարի գործ է եւ ամրացնում է ընտանիքը»,- պաշտոնաթող գնդապետին է դիմել Վլադիմիր Պուտինը: