ՆԱՏՕ-ն ձգտում է ընդլայնել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում: Մոսկվայում կայացած Անվտանգության հարցերի միջազգային համաժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար, գեներալ Վալերի Գերասիմովը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, գեներալը նշել է, որ Դաշինքի ղեկավարությունը մեծ նշանակություն է տալիս կազմակերպության գործունեության մեջ բլոկում չներառված երկրներին ներգրավելուն: «Հարկավոր է առանձին հավելել, որ բլոկից դուրս ՆԱՏՕ-ի համագործակցության ակտիվացման ֆոնին նկատելի են դառնում Կենտրոնական Ասիայում եւ Անդրկովկասում ազդեցությունն ընդլայնելու՝ Դաշինքի փորձերը»,- ասել է Գերասիմովը:

Նրա խոսքով, բլոկում չներառված պետություններին համագործակցության մեջ ներգրավելու Դաշինքի եւս մեկ ծրագիր է «Արտոնյալ գործընկերությունը»: Նման գործընկերների թվում դիտարկվում են Ռուսաստանի հարեւաններ Վրաստանն ու Ֆինլանդիան, ինչպես նաեւ Շվեդիան:

Բացի այդ, իրականացվում է «Գործընկերների հետ օպերատիվ համատեղելիության զարգացման» նախաձեռնությունը, որը նախատեսում է բլոկի համար «նշանակալի» պետությունների հետ համագործակցության արտոնյալ ձեւաչափի ստեղծում: Այդպիսիք են համարում 24 երկրներ, այդ թվում՝ մի քանի հետխորհրդային պետություններ. Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան: