Իրաքի անվտանգության ուժերը Թիքրիթ քաղաքում «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների «քնած» բջիջներ են հայտնաբերել եւ ոչնչացրել 130 իսլամիստների։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Iraqi News պարբերականը։

Մարտի սկզբին Իրաքի բանակը զանգվածային գրոհ էր ձեռնարկել ԻՊ դիրքերի ուղղությամբ ու ազատագրել էր Թիքրիթ քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի երկրի հյուսիսը եւ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլը ահաբեկիչներից ազատագրելու համար։

Նահանգապետ Ահմեդ Ալ Ջիբուրի հանդես էր եկել հայտարարությամբ, որում ասված է, որ Իրաքի անվտանգության ուժերը ոչնչացրել են 130 գրոհայինների եւ հայտնաբերել մի քանի «քնած» բջիջ։ Սակայն նահանգապետը նշել է, որ գրոհայինների պատճառով իրենց տները լքած բնակիչների համար դեռ վաղ է տուն վերադառնալ։ Պետք է ամբողջովին համոզվել, որ քաղաքն ապահովված է իսլամիստներից։