Ապրիլի 17-ին, Գերմանիայի Բաութցեն քաղաքում կայացած Գլխավոր ասամբլեայի իր տարեկան նիստի ընթացքում, Եվորպական ազատ դաշինք (ԵԱԴ) կուսակցությունը, որը համաեվրոպական քաղաքական ընտանիք է, քվեարկեց Արցախի ժողովրդավարական կուսակցությանն (ԱԺԿ) իրենց շարքեր ընդունելու օգտին:
«Այսօր շնորհված ԵԱԴ ասոցացված անդամակցությունը կարեւոր է ոչ միայն որովհետեւ այն նպաստում է Արցախի միջազգային ներկայացմանը, այլ նաեւ որովհետեւ այն ցույց է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի քաղաքական զարգացումը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, եւ որ նրա ժողովրդավարական առաջխաղացումը կարելի է համեմատել ԵՄ-ում մեր առաջխաղացման հետ»,- մեկնաբանում է Էդուարդո Լորենցո Օչոան:
ԱԺԿ-ն սկսել է համագործակցել ԵԱԴ-ի հետ մոտ մեկ տարի առաջ, ինչը ժամանակի ընթացքում ավելի է խորացել: Արդյունքում, ԱԺԿ նախագահ Աշոտ Ղուլյանին հրավիրել են ԵԱԴ Գլխավոր ասամբելայի նախորդ նիստին, որտեղից էլ սկսվել է ինտեգրման գործընթացը, որը ներառում է երկու ԵԱԴ ուսուցողական այցեր Լեռնային Ղարաբաղ, ինչպես նաեւ պարոն Ղուլյանի՝ 2014թ-ի հոկտեմբերին Բրյուսել կատարած այցը: Այսօր ասոցացված անդամակցությունը շնորհվել է ԱԺԿ նախագահ պարոն Ղուլյանին Գլխավոր ասամբելայում լսումներից հետո: Այս անդամակցությունը առաջին դեպքն է, երբ Արցախի որեւէ քաղաքական ինստիտուտ կամ մարմին միանում է ԵՄ կառույցի:
Համաձայն ԵՄ պայմանագրերի, համաեվրոպական կուսակցությունները Եվրոպայում իրազեկության բարձրացման, քաղաքական կամք արտահայտելու եւ եվրոպական միասնականության առանցքային հիմնասյուներն են : Եվորպական ազատ դաշինքը Եվրոպական քաղաքական կազմակերպություն է, որը միավորում է սուվերենության եւ իրենց համապատասխան տարածաշրջաններում կամ երկրներում ինքնակառավարման համար պայքարող քաղաքական կուսակցություններ:
Դաշինքը սատարում է ինքնորոշման եւ ազգերի՝ իրենց ապագան կառուցելու իրավունքը: Այն ունի շուրջ 40 ազգային եւ տարածաշրջանային անդամ կուսակցություններ ԵՄ-ի ավելի քան 17 երկրներից: Եվրոպական խորհրդարանում այն ներկայացված է 12 պատգամավորներով:
«Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպությունը առանցքային դեր է ունեցել ԱԺԿ-ի եւ ԵԱԴ-ի միջեւ ամուր կապ հիմնելու գործընթացում՝ մշտապես կապի մեջ լինելով ԵԱԴ-ի ղեկավորության եւ անդամների հետ, բարձրացնելով ԵԽ պատգամավորների շրջանակում Լեռնային Ղարաբաղում տիրող բարդ իրավիճակի մասին իրազեկվածությունը, ինչի արդյունքում կայացել են տարբեր այցեր Արցախ:
Հաջորդիվ, ՀԵԲ-ի նախաձեռնությամբ ոչ միայն իրականացվել են հաջողված միջոցառումներ Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի մասին տաբեր Եվրոպական խորհրդարաններում եւ ԵԱԴ անդամ կուսակցությունների համապատասխան երկրների եւ տարածաշրջանների տարբեր կառույցներում, այլ նաեւ որոշիչ դեր են խաղացել ԱԺԿ-ի՝ ԵԱԴ անդամակցելու գործում»,-մեկնաբանում է ԵԱԴ պատգամավոր Միգել Մարտինեզ Թոմին, ով ԵԱԴ-ի անդամակցության զեկուցողն է:
Կարեւոր է նշել, որ ԵԱԴ-ում ասոցացված անդամակցության կարգավիճակը նախատեսում է ինտեգրել քաղաքական կուսակցություններ ոչ-ԵՄ անդամ պետություններից, ինչպես ԵՄ քաղաքական ընտանիքների մեծամասնության դեպքում է:





























