NEWS.am-ի հարցազրույցը «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ…
Հնարավոր համարո՞ւմ եք, որ թռչնաբուծական ֆաբրիկաներիշրջանում կլանումներ տեղի ունենան։
Եթե ոչ կլանումներ, ապա շատ հնարավոր է, որ մանրերից ու միջիններից շատերը մրցակցությանը չդիմանան ու շուկայից դուրս գան։
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այսօր տուգանեց թռչնաֆաբրիկաներից մի քանիսին։ Ճի՞շտ եք համարում այդ մոտեցումը։
Քննարկվող հարցի նկատմամբ իմ մոտեցումներն ու պատկերացումներն ունեմ։ Եթե մենք այն քաղաքականությունն ենք տանելու, որ միշտ պետք է պատժենք ու չպետք է օգնենք, լավ արդյունքի չենք հասնի։ Այս տարի առաջին դեպքն է, որ ունենք ձվի գերարտադրություն, ու դա պաշտոնապես ճանաչվել է։ Իսկ դա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտներն իրոք աշխատել են, ժողովրդի համար արտադրանք են ստեղծել։ Բայց գերարտադրության պայմաններում արտադրանքը նույնիսկ կարող է թափենք, ավելի լավ կլինի մտածենք՝ ո՞նց օգնենք կամ իրացում կազմակերպենք։ Տուգանք նշանակել ու պատժել միշտ էլ կհասցնենք։
Բայց ձվերի վրա պիտանելիության ժամկետների չնշումը սպառողին մոլորության մեջ գցելու ձեւ է։
500 հազար տուգանքը, ընդունում եմ, որ ճիշտ մոտեցում է։ Մակնիշավորումը պետք է լինի, որ սպառողին թյուրիմացության մեջ չգցեն։ Բայց երկրորդ հարցը, որ քննարկվեց՝ շուկայի գերարտադրության, մենաշնորհացման մասին, լավ կլիներ, որ ավելի ծավալուն լիներ։ Այն խնդիրները, որ արտադրողների մոտ առաջացել են, պետք է լուրջ քննարկման դնել, հակառակ դեպքում 6 ամիս հետո նույն պատկերը կունենանք։
Ասացիք՝ պետք է օգնել։ Ի՞նչ պետք է անի կառավարությունը։
Մեր միությունը առաջարկություններ է ներկայացրել, եղել են հանդիպումներ կառավարությունում։ Կառավարությունը, այո, պետք է քայլեր անի՝ սկսած քվոտավորումից, ինչպես քաղաքակիրթ երկրներում է կատարվում, վերջացրած ձու արտադրողներին օգնելը, որ ավելցուկ ձուն վերամշակվի։ Մոտ 120-150 մլն ձվի մասին է խոսքը։ Այդ ավելցուկ ձուն պետք է վերամշակվի, ինչպես զարգացած երկրներում է՝ պետք է լինի հեղուկ եւ ձվի փոշու արտադրություն։ Այդ արտադրանքը Հյուսիսային երկրներում մեծ պահանջարկ ունի։ Ապագան դա է, ձուն իր բնույթով արագ փչացող է, եթե չես կարողանում պլանավորել, որ ժամանակին իրացնես, ուրեմն պետք է վերամշակես։ Մեր կանխատեսմամբ՝ օգոստոսին ավելի մեծ ճգնաժամ կունենանք, քանի որ հուլիս-օգոստոսը ձվի համար ամենադժվար իրացվող ամիսներն են։ Հիմա դրան էլ գումարվել է գյուղարտադրությունը։
Շատերը որպես ելք նշում են արտադրության կրճատումը։
Հավերի գլխաքանակի կրճատում միանգամից հնարավոր չէ, քանի որ սպանդանոցները բավարար հզոր չեն։ Պլյուս դրան՝ ունեցել ենք մասնավոր սեկտորի գլխաքանակի էական աճ։ Դրան նպաստեց նաեւ ձմռան բարենպաստ կլիման։ Սովորաբար թռչնաֆաբրիկաները դեկտեմբերին վերացնում են ածան հավերի գլխաքանակը, հետո գարնանը նորից թարմացնում են։ Այս տարի ածան հավերի միայն 30 տոկոսը հանվեց։
Իսկ շուկան ներդրումների կարիք ունի՞։
Այս ոլորտում լուրջ ներդրումներ են արվել, բայց դրանք սխալ են պլանավորվել։ Ներդրումներ անելիս պետք է նախ շուկան ուսումնասիրել, տեսնել՝ կա՞ն արդյոք աճի հնարավորություններ, հետո ներդնել։ Մեր կազմակերպությունները, առանց շուկայի հնարավորությունները գնահատելու, նոր տեխնոլոգիաներ ներդրեցին, որոնց շնորհիվ հավերի համար ստեղծվեց ավելի բարենպաստ միկրոկլիմա, որ նպաստում էր ձվի արտադրության աճին։ Հետո՝ անհրաժեշտ է ներդրումները մինչեւ վերջ հասցնել։ Աշտարակի թռչնաֆաբրիկայում նորագույն տեխնոլոգիաները դրվեցին, սակայն սառնարանային տնտեսություն չստեղծվեց։ Եթե մեր թռչնաֆաբրիկաները սառնարանային տնտեսություններ ունենային, այս խնդիր չէր առաջանա։ Իսկ հիմա նրանք չեն կարողանում ձվերը պահեստավորել։
Զրուցեց՝ Սամվել Ավագյանը




























