Կենցաղում պոլիէթիլենային տոպրակների կիրառումը դանդաղ, սակայն հաստատուն կերպով ազդում է մարդու առողջության վրա: Շնորհիվ իր քաղցկեղածին հատկության՝ պոլիէթիլենն առաջացնում է մի շարք երիկամային, հյուսվածքային, հորմոնային հիվանդություններ, եւ բնականաբար, քաղցկեղ։ Հուլիսի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց բնապահպան Լիլիթ Դաշյանը։
Ըստ նրա ներկայացրած վիճակագրական տվյալների՝ յուրաքանչյուր մարդ տարեկան օտագործում է շուրջ 500 պոլիէթիլենային տոպրակ, ինչը կազմում է Երկրագնդի վրա եղած ամբողջ աղբի շուրջ 1/10-րդ մասը։ «Պոլիէթիլենային տոպրակները եւ պլաստմասսե տարաները, ինչպես հայտնի է, բնության մեջ չեն քայքայվում։ Ընդ որում, դրանք բնությանը եւ շրջակա միջավայրին վնաս են հասցնում ոչ միայն չքայքայված, այլ անգամ այրված կամ թաղված վիճակում»,- տեղեկացրեց բնապահպանը։
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանն էլ իր հերթին հավելեց, որ քաղաքակիրթ երկրներում վաղուց հրաժարվել են պոլիէթիլենային տոպրակների գործածությունից, եւ սպասարկումն իրականացնում են թղթե տոպրակներով։ «Մեզ մոտ, սակայն, բնակչության իրազեկման եւ գիտակցության բարձրացման խնդիր կա։ Այս առումով մեր հասարակությունը տգետ է, քանի որ չի հասկանում, որ առօրյայում այդքան պոլիէթիլեն կիրառելով՝ վնասում է իրեն եւ շրջակա բնությանը»,- շեշտեց Ռուբեն Խաչատրյանը՝ հատկանշական համարելով, որ զարգացած բոլոր երկրներում պոլիէթիլենի ներմուծման եւ արտադրության հարցը վերահսկվում է պետական մակարդակով։
«Մենք էլ մեր հնարավորությունների սահմաններում, մասնավորապես՝ կրթական ծրագրերի շրջանակներում, փորձում ենք բարձրացնել մարդկանց գիտակցությունը։ Այդպիսի մի փորձ էր «Արեւորդի» փառատոնը, որի մասնակից երեխաները Ծիծեռնակաբերդում ապրիլի 24-ի առթիվ դրված ծաղիկներից էկոլոգիապես մաքուր թուղթ վերամշակեցին»,- տեղեկացրեց Խաչատրյանը։
Նա նաեւ ցուցադրեց թղթե տոպրակների մի քանի նմուշներ, որոնք այսուհետ մայրաքաղաքի մի քանի սուպերմարկետներ առաջարկելու են իրենց հաճախորդներին։ «Սրանք ընդամենը 50 դրամ արժեն, այսինքն՝ անգամ իրենց ինքնարժեքից էժան»,- տեղեկացրեց հիմնադրամի տնօրենը՝ հավելելով, որ պոլիէթիլենային տոպրակների արժեքը, ներառյալ տպագրական ծախսերը, չի գերազանցում 5 դրամը։
NEWS.am-ի հարցին, թե փայտանյութի հաշվին պատրաստվող թղթե տոպրակների արտադրությունը չի՞ նպաստի կանաչ տարածքների կրճատմանը, Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ իր ներկայացրած նմուշներն, օրինակ, պատրաստված են արդեն իսկ եղած, պարզապես վերամշակված թղթից, ինչի 1 տոննան շուրջ 17 ծառ է խնայում։




























