Ազգային վիճակագրական ծառայության հրապարակման համաձայն՝ Հայաստանում հուլիսի վերջի դրությամբ նվազագույն սպառողական զամբյուղն ամսական կտրվածքով կազմում է 41 052 դրամ (111 դոլար), իսկ պարենային զամբյուղը՝ 26485 դրամ (71,5 դոլար):  Հաշվարկների համար հիմք են ընդունվել առողջապահության նախարարության նորմաները, ըստ որի՝ մարդը յուրաքանչյուր օր միջին հաշվով պետք է սպառի 250 գրամ հաց, 200 գրամ կաթ, 25 գրամ պանիր, 250 գրամ կարտոֆիլ, 200 գրամ միրգ, կես հատ ձու, 5 գրամ շաքար եւ այլն։

ՀՀ առողջապահության նախարարության նորմաները որոշ չափով տարբերվում են Համաշխարհային բանկի նորմաներից, որը ստացվել է տնային տնտեսությունների շրջանում կատարված հարցումների հիման վրա։ Ըստ այդմ՝ սոցիալապես անապահով խավի ներկայացուցիչներն իրականում ավելի շատ  հաց (օրական 489 գրամ) եւ շաքարավազ (21,7 գրամ) են օգտագործում, բայց ավելի քիչ՝ միրգ (մոտ 100 գրամ), բանջարեղեն (202 գրամ) կամ ձու (0,3 մաս): Ըստ այդ մեթոդաբանության՝ փաստացի ամսական պարենային զամբյուղը ավելի պակաս է՝ 21330 դրամ (57,6 դոլար), իսկ նվազագույն սպառողական զամբյուղը՝ 33060 դրամ (89 դոլար):