Հայոց ցեղասպանության հարցում դիրքորոշման համար Թուրքիան ամենից շատ նեղացած է Վատիկանից եւ Գերմանիայից: «Hürriyet Daily News» պարբերականում հրապարակված հոդվածում նման կարծիք է հայտնել թուրք վերլուծաբան Բարչին Յինանչը:
«Գրեթե մեկ ամիս է անցել ապրիլի 24-ից, երբ նշվեց 1915 թվականի հայերի ողբերգության 100-րդ տարելիցը: Թուրքիայում արդեն ոչ ոք չի խոսում այդ մասին: Բնական է, որ այդ հարցն այլեւս աշխարհի օրակարգում չէ: Սակայն վստահ եմ, որ ե՛ւ Երեւանում, ե՛ւ Անկարայում ընդհանուր գնահատական են տալիս այդ կարեւոր շրջադարձային կետին»,- նշել է նա:
Վերլուծաբանի խոսքով, թվում է՝ Թուրքիան նախկինի պես հատկապես նեղացած է միջազգային երկու խաղացողներից: «Դրանցից մեկը Վատիկանն է, մյուսը՝ Գերմանիան: Այն, որ Պապը հայկական ողբերգությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» կոչեց, ցնցեց Թուրքիային, քանի որ Սուրբ Աթոռում դիվանագիտական ներկայացուցիչները մինչեւ վերջին պահը հավաստում էին, որ Ֆրանցիսկոս Պապը կխուսափի գործածել «ցեղասպանություն» բառը: Իրականում Վատիկանում Թուրքիայի դեսպանը նույնիսկ ծրագրում էր մասնակցել ողբերգության 100-րդ տարելիցի առիթով պատարագին՝ ակնկալելով, որ Ֆրանցիսկոս Պապը կխոսի «ընդհանուր տառապանքների» մասին: Դիվանագիտական սխալմունքը կանխվեց, երբ վերջին պահին թուրքական դեսպանը, իմանալով Պապի մտադրության մասին, որոշեց չգնալ Պատարագին: Դեսպանը, որին Անկարան հետ կանչեց՝ խորհրդակցությունների համար, առնվազն մինչեւ ամռան վերջը չի վերադառնա Վատիկան»,- գրել է հոֆվածի հեղինակը:
Նա հավելել է. «Անկարան կարծում է, որ Ֆրանցիսկոս Պապի հայտարարությունը հսկայական արդյունք ունեցավ ամբողջ աշխարհում: Պապի հայտարարությանը հետեւեցին Լյուքսեմբուրգի եւ Ավստրիայի խորհրդարանների որոշումները, որոնք Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրությունում հայերի սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչեցին»:
Վերլուծաբանի կարծիքով, Գերմանիայի դիրքորոշումը թեեւ սպասելի չէր, սակայն մեծ անակնկալ չդարձավ: «Անկարան կարծում է, որ Գերմանիան ակտիվ կուլիսային խաղացող է, որը առաջ է մղում տեսակետը, որ հայկական ողբերգությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»,- նշել է նա:
Բարչին Յինանչը հիշեցրել է, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Բեռլինի առաջնորդանիստ տաճարում կրոնական արարողության ժամանակ օգտագործեց «ցեղասպանություն» բառը: «Բացի այդ, թուրքական կողմը, թվում է, լրջորեն անհանգստացած է գերմանական նախաձեռնությունների առնչությամբ, որոնք ուղղված են նրան, որպեսզի այդ հարցը ներառվի ուսումնական ծրագրերում: Այնպես որ՝ դա կազդի նաեւ Գերմանիայում բնակվող թուրք երեխաների վրա»,- գրել է վերլուծաբանը:





























