Հայաստանի Ստանդարտների ազգային ինստիտուտը, որը միջազգային ասպարեզում հայտնի է SARM անվանումով եւ ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը ստանդարտացման ոլորտում, ընտրվել է Ստանդարտացման միջազգային կազմակերպության` ԻՍՕ Խորհրդի անդամ` 2011-2012 ժամանակաշրջանի համար: Ինստիտուտը 1997թ.-ից ԻՍՕ-ի լիիրավ անդամ է, իսկ ընտրությունը խորհրդի կազմում հնարավորություն է տալիս մասնակցել միջազգային այդ կառույցի կառավարմանը:

 ԻՍՕ-ի Խորհուրդը ԻՍՕ-ի գլխավոր ասամբլեայից հետո, ԻՍՕ-ի երկրորդ վերադաս ղեկավար մարմինն է, որը գումարվում է տարեկան երկու կամ երեք անգամ, որպեսզի քննարկի եւ որոշում կայացնի ԻՍՕ-ի աշխատանքների ռազմավարական ուղղությունների վերաբերյալ:

Հատկանշական է, որ Հայաստանի թեկնածությունը ԻՍՕ-ի խորհրդում պաշտպանել են 50 երկրներ, այնինչ բավարար է 3-ի աջակցությունը: Ինստիտուտի տնօրեն Ենոք Ազարյանն այսօր` օգոստոսի 3-ին  հրավիրած ասուլիսում ասաց, որ իր ղեկավարած կառույցը միջազգային ասպարեզում հեղինակություն է վայելում, որով էլ պայմանավորված էր ընտրության հաջողությունը: