Եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը, ապա ապրիլին միջին ամսական անվանական աշխատավարձը երկու տարվա ընթացքում աճել է 18.3%-ով, այսինքն՝ գրեթե մեկ հինգերորդ անգամ: Նույն ժամանակահատվածում գնաճը կազմել է 9.1%: Արդյունքում, իրական աշխատավարձը երկու տարվա ընթացքում աճել է 8.4%-ով: Ստացվում է, որ «միայն աշխատավարձով» ապրող քաղաքացիները զգալիորեն բարելավել են իրենց կենսամակարդակը:
Աշխատավարձը, իհարկե, քաղաքացիների ընտանեկան բյուջեի եկամտի միակ աղբյուրը չէ: Եկամուտները դիտարկենք դեցիլային խմբերի (բնակչության թվի 10%) կտրվածքով: 2013 թվականի տեղեկատվության համաձայն, ընդհանուր եկամուտներում աշխատավարձի տեսակարար կշիռը տատանվում է 13.5%-ից («ամենից աղքատների» մոտ) մինչեւ 58.1%-ի (եկամուտների մասով երկրորդ խմբի մոտ) սահմաններում:
Իհարե, կան նաեւ ընտանիքներ, որոնց բյուջեն ամբողջությամբ ձեւավորվում է աշխատավարձի հաշվին: Հայտնի է, որ վերջինը, նույնիսկ պաշտոնական մեծությամբ, ամենեւին չի համապատասխանում ժամանակակից սոցիալական ստանդարտին: Այլ կերպ ասած՝ նույնիսկ միջին աշխատավարձն աղետալիորեն չի բավականացնում՝ կյանքի բոլոր բարիքներին լիարժեք օգտվելու համար:
Հետեւաբար, աշխատավոր դասակարգը, աշխատավարձ ստանալով, առաջին հերթին պետք է շտապեր մանրածախ առեւտրի կետեր՝ գնումների: Սակայն թվերը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում: Հունվար-մարտին մանրածախ ապրանքաշրջանառությունն ընթացիկ գներում տարեկան կտրվածքով կրճատվել է գրեթե 6.3 մլրդ դրամով կամ 2.3%-ով: Եթե վաճառականները հաշվետվությունում ազնվորեն նշել են իրենց շրջանառությունը, ապա նման անկումը կարելի է բացասական իմաստով սենսացիա համարել:
Հետաքրքիր է այն, որ նույն ժամանակահատվածում առանձին ծառայությունների շրջանառությունն աճել է: Այսպես, «մշակույթ, ժամանց, հանգիստ» խմբում շրջանառության աներեւակայելի աճ է արձանագրվել. ընդամենը մեկ տարվա ընթացքում՝ ավելի քան 2.2 անգամ: Ստացվում է, որ մեր քաղաքացիները, իրենց երեխաների համար մեկ կիլոգրամ ավելի տավարի միս գնելու փոխարեն, «զվարճացել են»:
Բնականաբար, մեր դաժան իրականության պայմաններում վարձու աշխատակիցների մեծամասնության կողմից նման «վատնումը» բացառվում է: Զվարճանում է միայն անձնակազմի էլիտար շերտը, գործարարները եւ միջին ու բարձր օղակների պաշտոնյաները: Իսկ բանվոր դասակարգը ստիպված է հանապազօրյա հացի մասին մտածել: Առավել եւս, որ շատերի արտաքին դրամական փոխանցումները զգալիորեն նվազել են:




























