Հայաստանի 45 հասարակական կազմակերպություններ SOS են կանչում Խոսրովի անտառի գլխին կախված սպառնալիքի կապակցությամբ:
Իսկ ամեն ինչ սկսվեց կառավարության որոշումից, որով Խոսրովի արգելոցի տարածքը անջատվում էր «Գիլան» պետական արգելոցային գոտուց: Կառավարության այդ որոշումը, ինչպես եւ շատ այլ որոշումներ, ամենայն հավանականությամբ, ընդունվել են ինչ-որ մեկին լավություն անելու համար, քանի որ դրանից հետո «Գիլան» գոտու տարածքում, որ 116 հա է զբաղեցնում, սկսվել են հյուրանոցային-ռեստորանային համալիրի շինարարության լայնածավալ աշխատանքներ: Ինչպես մամուլի ասուլիսում նշեցին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, իրենց այդպես էլ չի հաջողվել պարզել, թե ով է կանգնած այդ կառույցի ետեւում, համենայն դեպս դե-յուրե սեփականատիրոջ անունը ոչինչ չի ասում լայն հանրությանը: Բայց ինչպես մենք գիտենք հայաստանյան իրողություններից, «հանրությանն անծանոթ անձը» չի կարող հասնել կառավարական որոշման, ապա լայնածավալ աշխատանքներ սկսել:
Համաձայն ՀԿ-ների ներկայացուցիչների՝ շինարարական աշխատանքներն արդեն գրեթե ավարտին են հասել, իսկ բնապահպանության նախարարությունից առ այսօր հնարավոր չի եղել հոդաբաշխ պատասխան ստանալ արգելոցի տարածքում իրականացվող ապօրինության կապակցությամբ:
12 հասարակական կազմակերպություններ նամակ են պատրաստել՝ ուղղված Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, եւ դրա պատճեններն ուղարկվելու են խորհրդարանի նախագահին, վարչապետին, արդարադատության եւ բնապահպանության նախարարներին, օմբուդսմենին: Նրանք նամակով պահանջում են չեղյալ հայտարարել «Գիլան» արգելոցային գոտու Խոսրովի արգելոցի տարածքում շինարարական աշատանքները: Նամակի հեղինակների պնդմամբ, այդ որոշումը ընդունվել է բնապահպանական նորմերի կոպիտ խախտումներով եւ սպառնում է ոչնչացնել Խոսրովի արգելոցի յուրահատուկ կենդանական եւ բուսական աշխարհը:



























