Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ օգոստոսի 6-ին մասնակցել է Շինարարի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը։

Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տիգրան Սարգսյանը, շնորհավորելով շինարարներին,  մասնագիտական տոնի առիթով նշել է, թե 2009 թվականը լուրջ փորձության տարի էր առաջին հերթին շինարարության ոլորտի համար։ «Մենք ունեցանք կապիտալ ներդրումների էական նվազում, եւ առաջին հերթին շինարարության ոլորտում, որի արդյունքն արձանագրեցինք ամբողջ տնտեսական համակարգի վրա։ 2010 թվականի առաջին կիսամյակի միտումները ցույց են տալիս, որ ոլորտը փուլ առ փուլ դուրս է գալիս ճգնաժամային իրավիճակից, եւ դրան էապես նպատում են նաեւ այն մեծածավալ ծրագրերը, որ այսօր ֆինանսավորվում են պետական բյուջեից։ Այս աշխատանքները շարունակվելու են, եւ չափազանց կարեւոր է, որ քաղաքաշինության նախարարության նոր նախաձեռնությունները ավելի բազմազան են դարձնում այն գործառույթները, որով զբաղվում են այսօր շինարարները»,- ասել է Սարգսյան: Վարչապետը կարեւորել է քաղաքաշինության նախարարության կողմից 2010 թվականի ընթացքում իրականացվելիք  ծրագրերը։

Շինարարի օրվա կապակցությամբ եւ քաղաքաշինության բնագավառի զարգացման գործում ներդրած  ավանդի համար  ոլորտի մի շարք աշխատակիցներ խրախուսվել են վարչապետի շնորհակալագրերով, քաղաքաշինության նախարարի շնորհակալագրերով եւ ոսկե մեդալներով։