Մեծ Բրիտանիայից 17-ամյա դպրոցական Թոմ Վագգն ապացուցել է Հիդրա համաստեղությունում արտասովոր մոլորակի գոյությունը, որը չափսերով նման է Յուպիտերին:
Արտասովոր մարմինը գտնվում է Երկրից հազար լուսային տարվա հեռավորությամբ: Դպրոցականը կարողացել է հայտնաբերել մոլորակը՝ վերլուծելով աստղադիտակով ստացված շուրջ 1.000 լուսանկար: Դրանցից մեկում պատանի աստղագետն ինչ-որ խավարում է նկատել, որի պատճառը աստղի ճառագայթների տակ ընկած անհայտ օբյեկտն է եղել:
Ըստ «Ռոսբալտ»-ի, դպրոցականի բացահայտումը երկու տարի շարունակ ստուգում էին Չիլիի աստղագետները, ինչպես նաեւ Լիեժի եւ Ժնեւի համալսարանների մասնագետները: Փորձագետների հավաստմամբ, երկնային այդ մարմինն իսկապես մոլորակ է:
Տիեզերական օբյեկտը կատալոգում գրանցել են WASP-142b համարի ներքո: Առաջիկայում մոլորակի համար համապատասխան անուն կընտրեն:





























