Այսօր` օգոստոսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավության դատարանում հրապարակվել է ՀՀ բնապահպանության նախարարության նախկին աշխատակիցներ Տիգրան Գրիգորյանի եւ Արսեն Պետրոսյանի դատավճիռը:

Կաշառառության մեջ մեղադրվող Բնապահպանության տեսչության նախկին պետ Տիգրան Գրիգորյանը դատապարտվել է 7, իսկ նրա նախկին տեղակալ Արսեն Պետրոսյանը` 10 տարվա ազատազրկման: Դատարանի վճռով կբռնագրավվի Արսեն Պետրոսյանի գույքի կեսը եւ Տիգրան Գրիգորյանի գույքի 1/4-ը:

Հիշեցնենք, որ նրանք մեղադրվում էին Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից կաշառք վերցնելու մեջ, որպեսզի պակասեցնեն այդ ընկերության կողմից վճարվող բնապահպանական վճարները:

Դատարանը ապացուցված է համարել նրանց մեղքը, իր վճռում նշելով, որ Տիգրան Գրիգորյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ, Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի ղեկավարությունից վերցրել է 5 միլիոն դրամ կաշառքի մեծ մասը (3 միլիոն 790 հազար դրամ), բնապահպանական վճարները 202 միլիոն դրամից 10 միլիոնի հասցնելու դիմաց: Մնացած գումարը հայտնաբերվել էր Արսեն Պետրոսյանի մոտ: