Այսօր՝ հունիսի 15-ին կայացել է սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագրի առաջին փուլի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Երեւան քաղաքի վարչական շրջանների ու պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Առաջին փուլին մասնակցում է 58 երիտասարդ, որոնցից 38-ը՝ Հայաստան տեղափոխված սիրիահայեր են, իսկ 20-ը՝ 13-18 տարեկան պատանիներ ու աղջիկներ ՌԴ-ից, Բելառուսից, Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից:

2015թ. ծրագրի շրջանակում նախատեսված է մինչեւ 1100 սփյուռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ծրագիրը կիրականացվի 8 փուլով՝  հունիսի 14-ից օգոստոսի 29-ը: Այս տարի եւս «Արի տունը» կունենա քառօրյա ճամբարային ծրագիր, որը կկազմակերպվի Ծաղկաձորում:

2014թ. սփյուռքահայ 1071, իսկ հայաստանյան ընտանիքներից 200 երեխա մասնակցել է ծրագրի ճամբարային փուլին: Անցյալ տարվա ծրագրում կարեւորվեց Դիարբեքիրից (Թուրքիա) 50 հոգանոց խմբի այցելության կազմակերպումը, այս տարի սպասվում է Դերսիմից նույն քանակով իսլամացած հայերի մասնակցություն «Արի տուն» ծրագրին:

Նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորեց ՀՀ տարբեր գերատեսչությունների, մարզային ու համայնքային կառույցների աջակցությունը «Արի տուն» ծրագրին:

Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ նախարարը, ավանդույթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 13-ամյա Ռայմոնդ Նազարյանին (ՌԴ) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը  եւ հանձնեց պայուսակը:

Մասնակիցների համար ցուցադրվեց «Արի տուն» ֆիլմը, իրենց կատարումներով արիտունցիներին ողջուցին Մեսրոպ Մաշտոցի անվան խոսքի մշակույթի կենտրոնի սաները,  «Մանկական եվրատեսիլ 2014» երգի մրցույթի Հայաստանը ներկայացրած Բեթթին եւ այլք:

Այնուհետեւ արիտունցիները ծանոթացան աշխատանքային խմբի անդամների հետ, ովքեր 14 օր շարունակ պիտի ուղեկցեն ու հոգ տանեն իրենց մասին: