ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը կանխարգելիչ միջոցառումներ է մշակում՝ թույլ չտալու համար «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը ակտիվություն հանդես բերել ԱՊՀ տարածքում: Այս մասին, այսօր՝ հունիսի 17-ին, հայտարարել է Կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:

«Հակաահաբեկչական կենտրոնը իր գործընկերների հետ համատեղ այսօր ակտիվորեն կանխարգելիչ միջոցառումների համալիր է մշակում: Ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների 8-րդ խորհրդակցությունը, որը տեղի է ունենալու հունիսի 18-ին, զգալի չափով նվիրված կլինի հենց այդ խնդիրներին»,-ասել է Նովիկովը:

Նրա խոսքով, այսօր ԱՊՀ երկրներին անհանգստացնում է միջազգային ահաբեկչական, իսլամիստական խմբավորումների գործունեության ակտիվացումը, հատկապես Կենտրոնական Ասիայում, ահաբեկչական վարձկանության տարածումը, ինչպես նաեւ ԻՊ-ի մոտենալը ԱՊՀ-ի հարավային սահմաններին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Նշենք, որ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը ստեղծվել է 2000 թվականին՝ ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի որոշմամբ: