Երեւանը կորցնում է իր դեմքը, սպառնալիքի տակ է Երեանի թամանյանական իմիջը։ Օգոստոսի 7-ին լրագրողներիի հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը։
Նրա խոսքով, ներկայումս Երեւանում շենքերը կառուցվում են ոչ թե ըստ մայրաքաղաքի ճարտարապետական տեսքի, այլ շինարարությունը հովանավորողների ճաշակի, քմահաճույքի եւ ֆինանսավորման։ «Չի կարելի տուֆից շենքը երեսպատել կերամիկայով, դա անճաշակություն եւ գավառականություն է»,- վրդովված ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում երկրորդ մեծ քաղաքին՝ Գյումրիին, ճարատարապետն ասաց, որ այնտեղ շինարարությունն իրականացվում է սեյսմիկ քարտեզներին համապատասխան։ Շենքերը քաղաքում 4 հարկից բարձր չեն եւ ունեն մոնոլիտ երկաթբետոնյա հիմքեր։ Ճարտարապետի միակ դիտողությունը վերաբերում էր շենքների հարդարմանը։ «Գյումրին գորշ քաղաք է դարձել, սակայն հույս ունեմ, որ կանաչ տարածքների օգնությամբ իրավիճակը կհարթվի եւ քաղաքի ընդհանուր տեսքը մի քիչ ավելի գունագեղ կդառնա»- ասել է ճարտարապետը։
Նա խոսեց նաեւ ճարտարապետների միության եւ իշխանությունների համագործակցության մասին եւ նշեց, որ ներկայումս ճարտարապետների կարծիքը հաշվի չեն առնում եւ այն արժեզրկվել է։
«Մենք ակտիվորեն ելույթ ենք ունենում, մեր գնահատականն ենք տալիս, շատ դեպքերում հանդիպում ենք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, սակայն նույնիսկ մեր բացասական գնահատականի դեպքում երաշխավորված չէ, որ մեր կարծիքը հաշվի կառնեն»,- նշեց նա՝ հավելելով, որ Հաղթանակի զբոսայգին պահելու համար ճարտարապետները դիմել են նույնիսկ նախագահին, սակայն արդյունք չի տվել։
«Մենք բավականին արդյունավետ էինք աշխատում Երեւանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանի հետ, նոր քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը նույնպես պատրաստակամություն է հայտնել համագործակցելու, սակայն նրա վերաբերմունքն ու մոտեցումը Ուսանողական այգում կառուցվող սրաճարանի վերաբերյալ , մի քիչ անհանգստացնում է»- ամփոփեց նշեց Մինասյանը։



























