Եվրապարտատոմսերի՝ արդեն երկրորդ հաջող թողարկումն ապացուցում է Հայաստանի արտաքին պարտքի կառավարելիությունը: Այս մասին հունիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովում հայտարարեց ֆինանսների փոխնախարար, հանրապետության գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, ոչ ոք ձեռք չի բերի մի երկրի պարտատոմսեր, որտեղ դեֆոլտի նույնիսկ նվազագույն սպառնալիք կա, ընդ որում, ամբողջությամբ շուկայական պայմաններով:
Հիշեցնենք, որ 2015 թվականի մարտին Հայաստանը 10 տարի ժամկետով 500 մլն դոլարի եվրապարտատոմսեր թողարկեց՝ 7.5% դրույքաչափով: Ներգրավված միջոցներից 205 մլն դոլարն օգտագործվեց 2013 թվականի սեպտեմբերին թողարկված եվրապարտատոմսերի գնման նպատակով:
Եվս 85 մլն դոլար կուղղվի 2015 թվականի բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորմանը:
Միաժամանակ, նոր պարտատոմսերը մարման ավելի երկար ժամկետ ունեն՝ 10 տարի (նախորդի պարագայում՝ 7 տարի):



























