Ոստիկանությունը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող եւ նստացույց հայտարարած «Ոչ թալանին» նախաձեռնությանը թույլատրեց գիշերը մնալ Ազատության հրապարակում` պայմանով, որ չեն խախտվի օրենքի պահանջները։ (ֆոտոռեպորտաժ)

«Դուք թույլտվություն եք ստացել ձեր հավաքն անցկացնել մինչեւ ժամը 23։00–ն։ Հիմա արդեն ձեր ավաքը կրում է անօրինական բնույթ։ Սակայն, ոստիկանությունը, հաշվի առնելով, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում, ձեզ թույլատրվում է մնալ` պայմանով, որ չխախտվեն «Հավաքների ազատության մասին օրենքի նորմերը», հակառակ դեպքում ոստիկանությունը կարգի կհրավիրի բոլոր հասարակական կարգ խախտողներին»,– նստացույցի կազմակերպիչներին դիմեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը` նշելով, որ չի կարելի արգելված իրեր` մասնավորապես, վրան տեղադրել հրապարակում, աղմկել կամ կեղտոտել տարածքը` նշելով, որ հակառակ դեպքում ոստիկանությունն իրեն վերապահված իրավունքի շրջանում կարող է կիրառել ուժ` հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ։

Կազմակերպիչները նշեցին, որ իրենց արտոնված հավաքն ավարտվել է ժամը 23։00–ին, եւ հիմա արդեն ինքնաբուխ նստացույց է ընթանում, որի իրավունքը քաղաքացիներն ունեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հավաքի ընթացքում «Ոչ թալանին» նախաձեռնությունը անսպասելիորեն հայտարարել է, որ եռօրյա նստացույց են սկսում Ազատության հրապարակում՝ իշխանություններին մինչև երկուշաբթի երեկոյան ժամը 19:00-ն տալով վերջնաժամկետ. եթե մինչև այդ հոսանքի թանկացման որոշումը չեղյալ չհայտարարվի, նրանք կշարժվեն դեպի Բաղրամյան 26:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am