Մինչեւ 2011թ. վերջը կավարտվի ռազմարդյունաբերական համալիրի զարգացման ծրագրի մշակումը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` Հայաստանի պաշտպանական միջգերատեսչական հանձնաժողովի՝ օգոստոսի 10-ին կայացած նիստում:
Արթուր Բաղդասարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց ռազմարդյունաբերական համալիրի արդիականացման եւ դրա արագ տեմպերով զարգացման անհրաժեշտության վրա: Նա նշեց, որ Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերները նորագույն ռազմական տեխնիկա ձեռք բերելու անհրաժեշտություն են առաջացնում: «Ռազմարդյունաբերական համալիրը կարող է դառնալ Հայաստանի առաջավոր ճյուղերից մեկը, իսկ դրա արտադրանքը կարող է արտահանվել»,- ասաց Բաղդասարյանը՝ անհրաժեշտ համարելով ռազմարդյունաբերական համալիրի օբյեկտների թվի ավելացումը, ինչպես նաեւ գիտատեխնիկական պոտենցիալի ֆինանսավորման ավելացումը: Այդ խնդիրները, ըստ Բաղդասարյանի, «պետական ուշադրության կենտրոնում են»:
ԱԱԽ քարտուղարը կարեւոր համարեց ռազմարդյունաբերական համալիրի ոլորտի կապերի սերտացումը ՀԱՊԿ շրջանակներում: Ըստ նրա, համապատասխան կապեր արդեն կան Ռուսաստանի եւ Բելառուսի հետ:



























