Ոստիկանների կողմից կան ճնշումներ ու սպառնալիքներ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին այսօր` հուլիսի 9–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու  «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանը` հավելելով, որ մի քանի օրերի ընթացքում ոստիկանները կարողացել են մի քանի տասնյակ քաղաքացիների իրենց պայքարից հետ պահել։

«Ես դիմում եմ ոստիկանապետին եւ ասում, որ իրենց բռնած ճանապարհը սխալ է, կարող են մարդկանց թույլ չտալ գալ Ազատության հրապարակ, սակայն այդ քայլով մեզ հետ չեն կարող պահել»,–ասաց նա։

Նրա խոսքով` Ազատության հրապարակում հացադուլ անող երիտասարդների նկատմամբ ոստիկանության կողմից եւս ճնշում է գործադրվել. «Հացադուլավորների անունները ոստիկաններն իմ մոտից են եկել ճշտել, հասցեներն էլ` տղաներից։ Այնուհետեւ հացադուլավոր տղաները գիշերն այստեղ չեն եղել, երեկոյան ուշ ժամին գնացին, չեն եկել»։