ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը մտահոգված է արդեն երեք օր ի նշան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ հացադուլի մեջ գտնվող Դավիթ Սանասարյանի առողջության համար: Այս մասին այսօր՝ հուլիսի 9-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Զարուհի Փոստանջյանը:

«Կարծում եմ, որ Դավիթը պետք է հրաժարվի հացադուլից, եւ մենք պայքարը տանենք հավաքական ուժով: Մենք պետք է հասնենք նրան, որ մեր երկրում կայանան իրական ընտրություններ»,- ասաց պատգամավորը:

Զարուհի Փոստանջյանը նշեց, որ Ազատության հրապարակում քիչ թվով մարդկանց ներկայությունը պայմանավորված է նրանով, որ սա դեռ  պայքարի ընդամենը մեկ փուլն է:

Նա ավելացրեց, որ պայքարը չի մարել, իրենք վճռական են տրամադրված:

Այս պահին Ազատության հրապարակում հավաքվածներին են միացել նաեւ «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ:

Նշենք, որ Ազատության հրապարակում մեծ թվով ոստիկաններ կան: Ոստիկանական ուժերը կենտրոնացված են հրապարակի բոլոր ելքերի մոտ:

Հիշեցնենք, որ երկու շաբաթ տեւած նստացույցից հետո հուլիսի 6-ին ոստիկանությունը բացեց Բաղրամյան պողոտան: Ցուցարարները, որոնցից 40-ից ավելին բերման ենթարկվեցին, նստացույցը տեղափոխեցին Ազատության հրապարակ: Նրանք այսօր հավաք են հրավիրել Ազատության հրապարակում, որից հետո հնարավոր է երթ:

Նշենք, որ դեռ օրեր առաջ ոստիկանությունը նրանց թույլ չէր տվել Ազատության հրապարակից երթ անցկացնել՝ պատճառաբանելով, որ այն նախապես արտոնված չէ: