Այսօր` օգոստոսի 12-ին, Կառավարության շենքի մոտ էր հավաքվել Գյումրիի Երկրորդ արհեստագործական ուսումնարանի կոլեկտիվը։ Մանկավարժներին Երեւան էր բերել կառավարության այն որոշումը, ըստ որի ուսումնարանը պետք է միացվի Գյումրիի Երկաթգծի տեխնիկական քոլեջին: Խոհարար-վարպետ Անահիտ Ադամյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այս 2 ուսումնական հաստատությունները լրիվ տարբեր մասնագիտություններով են ուսումը կազմակերպում եւ անհամատեղելի են։ Այդ արհեստական միավորման հետեւանքով` 50 մարդ գործազուրկ է դառնում: Աշխատակիցներին զարմացրել էր այն փաստը, որ Գյումրիում վերջերս բացվել է նմանատիպ մեկ այլ ուսումնարան, իսկ իրենց՝ 115-ամյա կրթօջախը ցանկանում են փակել։

Ուսումնարանի փակումը կունենա նաեւ սոցիալական հետեւանքներ, քանի որ այնտեղ ուսումն անվճար է, իսկ քոլեջում՝ վճարովի։ Այս պահին ուսումնարանում սովորում է 154 աշակերտ։ Կառավարության որոշումից դժգոհ մանկավարժներն ասում էին, որ միավորման նպատակը օպտիմալացումն է, եւ որ երկաթուղայինների քոլեջի հետ իրենք ոչ մի ընդհանրություն չունեն` բացի շենքից։ «Գյումրիում արհեստագործների կարիք շատ ունենք: Ինչո՞ւ են ուսումնարանը փլուզում՝ չգիտենք»,- ասում էին մանկավարժները։ Նրանք, մինչ Երեւան գալը, դիմել էին նաեւ Գյումրիի քաղքապետին եւ մարզպետին, վերջիններս էլ խոստացել էին հարցը հասցնել վերադաս մարմիններին, սակայն մինչ այսօր արդյունք չկա։