Financial Times պարբերականը հայրենադարձներին նվիրված էջում հոդված է հրապարակել հանրահայտ հայ աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանի մասին, որը բազմաթիվ հոդվածների հեղինակ է եւ մեկն է այն գիտնականներից, որոնք ապացուցել են, որ սեւ անցքերի ձեւավորումը պայմանավորված է գերնոր աստղերի պայթյունով:

Գարիկ Իսրայելյանը ծնվել է Երեւանում, ավարտել ԵՊՀ-ն, իսկ հիմա ապրում եւ աշխատում է Կանարյան կղզիներում: Հոդվածում նա պատմել է ԽՍՀՄ-ում ապրած իր մանկության եւ այլ երկիր տեղափոխվելու դժվարությունների մասին:

Իսրայելյանը  նշում է, որ ինքը հիշում է ԽՍՀՄ-ում եղած բոլոր լավ բաները: «Իհարկե Ստալինի օրոք ամեն բան այլ էր, սակայն դա փոխվեց Խրուշյովի տարիներին: Հայաստանը ԽՍՀՄ-ում բացառություն էր: Մեր լեզուն, մշակույթն ու եկեղեցին պահպանվում էին եւ հարգվում»,-ասում է նա:

Իսրայելյանը հիշում է, որ մանկության տարիներին ինքն իսկական պատուհաս էր, եւ 16 տարեկանում թողել էր ուսումը՝ թատրոնում աշխատելու եւ սիրելի կիթառը նվագելու համար: «Սակայն ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց, երբ ես նայեցի «Սոլյարիս» ֆիլմը: Ես ոգեւորված էի, սկսեցի գիտական ֆանտաստիկա կարդալ եւ որոշեցի ըդնունվել համալսարան»,- հիշում է աստղաֆիզիկոսը:

Նրա դասախոսներից մեկը աշխարհահռչակ Վիկտոր Համբարձումյանն էր: 1991թ. Իսրայելյանը նրանից երաշխավորագիր է խնդրում արտասահմանում աշխատելու համար: Հայաստանի համար դժվար տարիներին էին վրա հասել, եւ Իսրայելյանը հասկանում էր, որ եթե մնա Հայաստանում, ստիպված է լինելու թողնել գիտությունը: 1993թ. գիտնականը կնոջ եւ որդու հետ տեղափոխվում է Ուտրեխտ, հետո՝ Բրյուսել: «Դա սարսափելի էր: Ճնշող մթնոլորտ, ճնշող մարդիկ, ուրիշ մտածելակերպ: Ամեն մի  հարաբերություն տանում էր միայն գործնական շփումների: Դա մեզ համար անսովոր էր»,- հիշում է նա: Այնուհետեւ նա մեկնել էր Սիդնել, իսկ 1997թ. տեղափոխվել Կանարյան կղզիներ:

Նրա ընատնիքը պահպանել է մայրենի լեզուն ու մշակույթը եւ ամեն տարի ամռանը վերադառնում է Հայաստան, որտեղ նրանք իրենց համայնքի մի մասն են զգում: