Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը խիստ քննադատություն է հնչեցրել եվրոպական կառույցների եւ եվրոպական պետությունների հասցեին՝ նրանց մեղադրելով հնարավոր բոլոր մեղքերում:
Ըստ ԱզերԹաջ-ի, Նախարարների կաբինետի նիստի ժամանակ ունեցած ելույթում Ալիեւ-կրտսերը ղարաբաղյան հակամարտության շուրջ ԵԽԽՎ բանաձեւում ձեւակերպում փոխելու համար Եվրախորհրդին մեղադրել է հակաադրբեջանական դիրքորոշման մեջ:
«Ադրբեջանի դեմ կեղտոտ արշավ է անցկացվում, որն ավելի է թեժանում կարեւոր միջազգային միջոցառումների նախաշեմին: Արեւմտյան որոշ երկերեսանի գործիչներ, հայկական փողերի հաշվին ապրող կոնգրեսականներ, սենատորներ, քաղաքական գործիչներ, որոնք իսլամատյաց են, Ադրբեջանի դեմ պատերազմ են հայտարարել: Այս ամենի հիմքում նախանձն ու չարակամությունն են»,- հայտարարել է Ալիեւը՝ հավելելով, որ «այդ բանաձեւերը որեւէ նշանակություն չունեն»:
Ալիեւի քննադատությունից բաժին է հասել նաեւ Գերմանիային: «Գերմանական Բունդեսթագում հակաադրբեջանական բանաձեւ է ընդունվել: Հարցն այն է, թե ի՞նչ կապ ունի մեզ հետ գերմանական Բունդեսթագը, իրեն ինչի՞ տեղ է դրել: Բոլորը պետք է նրան ենթարկվե՞ն: Նա աշխարհի տե՞րն է: Ըստ ամենայնի, նրանք սովորել են դրան: Մեր հարաբերությունները նրանց հետ հեռավորության վրա են, մենք նրանցից ոչինչ չենք ցանկանում: Հակառակը, այդ նրանք մեր գազի, նավթի, պայմանագրերի, այս տարածաշրջանում մեր գործունեության կարիքն ունեն»,- հոխորտացել է Իլհամ Ալիեւը:





























