Իսպանիայում ուժի մեջ է մտել օրենքը, որն արգելում է մինչեւ 16 տարեկանների ամուսնությունը: Նոր օրենքը չեղարկում է առաջին ատյանի դատարանների՝ 14 տարեկանների միջեւ ամուսնությունը թույլատրելու իրավունքը:

1975 թվականից Իսպանիայում 15 եւ ավելի տարեկան 28.685 պատանիներ եւ աղջիկներ են ամուսնացել: Այս միտումն աստիճանաբար նվազել է եւ ժամանակի ընթացքում գրեթե վերացել:

Վիճակագրության ինստիտուտի տվյալների համաձայն, եթե 1970-ական թվականներին այդ տարիքի շուրջ 2 հազար մարդ էր ամուսնանում (հիմնականում՝ աղջիկներ), ապա 2000 թվականից այդպիսի միայն 360 դեպք է գրանցվել:

«Այս միջոցը կօգնի խուսափել հարկադիր ամուսնություններից»,- հայտարարել է «Մանկական հարթակ» հասարակական կազմակերպության նախագահ Կառլոս Մարտինես Ալմեյդան: Նրա կարծիքով, նոր օրենքը, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի բարեփոխումները, ընդլայնում են Իսպանիայում երեխաների իրավունքների պաշտպանության հնարավորությունները: