Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական մշտական հանձնաժողովը, որում ներգրավված են նախարարության, ինչպես նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մասնագետներ, ծառայողական քննություն է իրականացնում 2015 թվականի հուլիսի 17-ին Լոռու մարզի Ղալթաղչի-Նալբանդ ուղեհատվածում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող բեռնատար գնացքի եւ Լոռու մարզի Լուսաղբյուր գյուղի բնակիչ Մանվել Խաչատրյանի ավտոմեքենայի բախման արդյունքում տեղի ունեցած դժբախտ պատահարի առնչությամբ:

Հանձնաժողովի կատարած ուսումնասիրություններից հետո ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ:

Իսկ ինչ վերաբերում է մամուլում հնչած այն տեղեկությանը, թե վթարի պատճառը պատահարի վայրում խորհրդային տարիներին առկա ուղեփակոցների բացակայությունն է, նշենք, որ ուղեփակոցները հանվել են դեռեւս 1980-ական թվականներին՝ գնացքների ինտենսիվ շարժի բացակայությամբ պայմանավորված: Ուղեփակոցների փոխարեն գնացքի ուղեգիծը հատող ճանապարհահատվածներին, անվտանգության նկատառումներով, տեղադրված են զգուշացնող նշաններ, որոնցով եւ կարգավորվում է երթեւեկությունը:

ՀՀ կառավարության որոշման համաձայն՝ այդ նշանները տեղադրվում են ճանապարհի սեփականատիրոջ միջոցների հաշվին։ Տվյալ դեպքում ճանապարհի սեփականատեր է հանդիսանում Լուսաղբյուր համայնքը։

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը  ցավակցություն է հայտնում ողբերգական պատահարի հետեւանքով զոհված Մանվել Խաչատրյանի հարազատներին, իսկ վիրավորներին՝ մաղթում շուտափույթ ապաքինում: