Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում, մասնավորապես ապօրինի շինարարության եւ հողազավթումների կանխման ուղղությամբ նախորդ երկու շաբաթների ընթացքում հայտնաբերվել եւ վարչական արձանագրություն է կազմվել 12 դեպքի մասով, բացի այդ, 3 հասցեներում իրականացվել են ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Շինարարական հրապարակների կազմակերպման պայմանների նկատմամբ հսկողության արդյունքում էլ արձանագրվել է խախտման 16 դեպք: Քաղաքապետը հանձնարարել է հատուկ հսկողություն սահմանել շինարարության նպատակով տրամադրված փաստաթղթերի եւ իրականացվող աշխատանքների ուղղությամբ:

Շինարարության եւ բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ ընթացքի մեջ են 2015 թվականի ծրագրով նախատեսված կենտրոնական եւ բակային տարածքների ասֆալտապատման, մասնավորապես փոսալցման, փոսային նորոգման եւ ճաքալցման աշխատանքները:

«Վարչական շրջանների ղեկավարներն այստեղ մեծ անելիքներ ունեն: Մենք նպատակադրվել ենք ամբողջությամբ ավարտին հասցնել մայրաքաղաքի բոլոր ճանապարհների ու բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Մենք չենք կարող ամեն տարի ասֆալտապատման մեծ ծավալի աշխատանքներ նախաձեռնել: Հատկապես վերջին չորս տարիներին կատարած աշխատանքների ծավալն այնպիսին է, ինչպիսին չի եղել նախորդող 20 տարիների ընթացքում: Եվ դա, ըստ մասնագետների, մեզ հնարավորություն է տալիս առնվազն առաջիկա 5 տարիներին հիմնականում տարեկան ընթացիկ պահպանում իրականացնելով ապահովել կատարած աշխատանքի երկարակեցությունը: Այս տարի նաեւ փոսանորոգման աշխատանքներ կատարելու համար մրցույթ հայտարարեցինք, ինչը հրաշալի հնարավորություն է տալիս մեկընդմիշտ վերացնելու այդ հասկացությունը Երեւանում: Ըստ այդմ, մանրակրկիտ գույքագրեք բոլոր փողոցներում ու բակերում առկա փոսերը եւ հետեւեք, որ դրանք լիարժեք նորոգվեն: Մենք պետք է հասնենք նրան, որ Երեւանում այլեւս փոս չմնա ու, հետագա մեր ծրագրերում սեփական սեկտրում եւ փողոցներում վերջնական ասֆալտապատում կատարելուց հետո, խնդիրն այլեւս համարենք փակված ու հաջորդող տարիներին մեր ծրագրում ներառենք միայն պահպանման ծախսերը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը: