Մեկ ամիս հոգեբուժարանում անցկացրած եւ այնուհետեւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների ահազանգից հետո հոգեբուժարանից դուրս գրված՝ Երեւանի բնակչուհի Ժուլետա Ամարիկյանը դատահոգեբուժական փորձաքննության կենթարկվի հայ մասնագետների կողմից: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ամարիկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ քննիչը մերժել է իրենց միջնորդությունը՝ միջազգային փորձագետներ ներգրավվելու վերաբերյալ:

«Քննիչը իր մերժման մեջ գրել է, որ դիմել էր առողջապահության նախարարությանը՝ թույլտվություն ստանալու պահանջով: Նախարարությունը, սակայն, թույլ չի տվել միջազգային փորձագետներ հրավիրել, քանի որ Վրաստանից ժամանած փորձագետներից մեկի մասնագիտական կարողությունները չեն համապատասխանել Հայաստանում բժիշկ-հոգեբույժի որակավորմանը: Իսկ երկրորդ մասնագետի կրթությունն էլ չի համապատասխանում գործող օրենսդրությանը, որի համաձայն՝ օտարերկյա կրթությամբ քաղաքացիները ՀՀ-ում մանսագիտական գործունեություն իրականացնելիս Կրթության եւ գիտության նախարարության ինչ-որ բաժնում պարտավոր են իրենց կրթական փաստաթղթերը փոխճանաչել Հայաստանի Հանրապետությունում: Նման բան լինել չի կարող, քանի որ այդ մասնագետը ոչ թե Հայաստանում աշխատելու է, այլ հրավիրված է՝ փորձաքննության մասնակցելու համար»,- ասաց Տիգրան Հայրապետյանը:

Նա նշեց, որ հուլիսի 21-ին նշանակված փորձաքննությունն իրականացրել են հայ մասնագետները:

Նշենք, որ Ժուլետա Ամարիկյանի հարազատների զանգով 2013թ. նրան «Շտապօգնության» մեքենայով տեղափոխել են Ավանի հոգեբուժարան՝ հարկադիր բուժում ստանալու: Նրա մոտ ախտորոշվել էր հոգեկան հվանդություն՝ զառանցական խանգարումներ: 28 օր անց նրան բաց են թողել հոգեբուժարանից: Ժուլետա Ամարիկյանի եւ նրա փաստաբանի կողմից տրված հաղորդման հիման վրա քրեական գործ էր հարուցվել, այժմ  ընթանում է նախաքննություն: