Մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում այսօր` հուլիսի 22-ին, կրկին հայտնվել են քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները` «պատժել» գրությամբ։

Լուսանկարներն ամենուր են` սյուների, անցումների պատերի, հայտարությունների ցուցատախտակների վրա։

Նշենք, որ մի քանի օր առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ակցիա էին կազմակերպել եւ Երեւանի փողոցներում փակցրել այն քաղաքացիական հագուստով ոստիկանների լուսանկարները, որոնք հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում բռնություն էին կիրառել իրենց նկատմամբ։

Մենք կապ հաստատեցինք նախաձեռնության համակարգող խմբի անդամների հետ` պարզելու` արդյոք այս անգամ նույնպես իրենք են փակցրել լուսանկարները։ Համակարգող խմբից ասացին, որ լուսանկարների մասին անտեղյակ են, նրանց ենթադրությամբ դրանք փակցրել են իրենց աջակիցները։

Ավելի վաղ Երեւանի փողոցներում հայտնվել էին ակտիվիստների լուսանկարները` վիրավորական գրություններով, ինչը, ըստ քաղաքացիական ակտիվիստների, հենց քաղաքացիական հագուստով ոստիկանների ձեռքի գործն է։