ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն այցելել է ՀՀ բնապահպանության նախարարության «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնտեսական հատվածում գտնվող Հայ մարմնակրթական ընդհանուր միության /ՀՄԸՄ/ սկաութական կազմակերպության ճամբարակայան, որտեղ հանդիպել է ճամբարում ակտիվ հանգիստ անցկացնող պատանիներին եւ երիտասարդներին: Սկաութները բանակումի ընթացքում զբաղվել են արգելոցի հարակից տարածքների, մասնավորապես գետի մաքրման աշխատանքներով, գետի վրա կառուցել են կամուրջ, ինչպես նաեւ օգնել` արգելոցի անձնակազմին տնտեսական աշխատանքներում:
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի եւ ՀՄԸՄ-ի միջեւ ստորագրվել է հուշագիր, որի համաձայն արգելոցի տնտեսական գոտում հնարավոր կլինի ամառային բանակումները դարձնել ամենամյա:
ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խ. Հակոբյանը ճամբարակայանում ծանոթացել է սկաութների առօրյային: Ծավալված զրույցի ժամանակ արծարծվել են շրջակա միջավայրի պահպանության հարցում հասարակության` հատկապես մատաղ սերնդի առաքելության հարցերը:
«Հայրենի բնությունը սիրելու եւ բնության կարեւորությունը գիտակցելու համար հարկավոր է խորապես ճանաչել այն: Իսկ սեփական բնության ճանաչողության գործում իր զգալի դերն ունի էկոկրթությունն ու դաստիարակությունը: Երիտասարդների համար կրթական եւ կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը կխթանեն էկոլոգիական գիտելիքների յուրացմանը բնության գրկում` բնության հետ անմիջական շփման միջոցով: Այն կօգնի զարգացնելու դպրոցական էկոլոգիական կրթությունը եւ կնպաստի էկոլոգիական գիտակցության ձեւավորմանը, ինչպես նաեւ կիրառական գիտե¬լիքների ձեռքբեր¬ման հնարավորու-թյունների ստեղծմանը», - իր խոսքում նշել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը:




























