Երեւանի Հյուսիսային պողոտայում  այսօր` հուլիսի 22-ին, «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք բանակում հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած Սամվել Ավետիսյանի բուժման համար: Սամվելը 2012թ. բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք  էր ստացել, որից հետո չի կարողանում քայլել, եւ արդեն 3 տարի է` գամված է անվասայլակին:

NEWS.am-ի հետ զրույցում Սամվելի կինը` Էմմա Եղիազարյանը, նշեց, որ Գերմանիայում բուժվելու դեպքում 95 տոկոսով հավանականություն կա, որ Սամվելը  կքայլի։

«Բուժման համար հարկավոր է 10 հազար եվրո, որից 5000-ն իրենք արդեն ունեն: Այժմ մեզ մնում է 5000  եվրո հավաքել, որպեսզի Սամվելը կարողանա քայլել»,-ասաց նա:

Նշենք, որ դրամահավաքը մեկնարկել է ժամը 17:00-ին եւ շարունակվելու է մինչեւ 23:30-ը: Դրամահավաքի շրջանակներում թռուցիկներ են բաժանվում քաղաքացիներին, որոնց վրա գրված է հաշվեհամար, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Սամվելի համար: Դրամահավաքի շրջանակում նաեւ իրականացվում է համերգային ծրագիր, որոնց մասնակցում են հայտնի եւ անհայտ երգիչներ: