Հայաստանի ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության 2015 թվականի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված են թվով 250 հանրակրթական եւ նախադպրոցական հաստատություններ:

Ստուգումների եռամսյակային ծրագրի շրջանակներում՝ ծառայության պետի որոշմամբ, կասեցվել են Տավուշի մարզի երեք ՝ Խաշթառակի, Պտղավանի եւ Նավուրի մանկապարտեզներում սննդի կազմակերպման գործունեությունը, Արմավիրի մարզի Մուսալեռ, Դալարիկ եւ Մյասնիկյան համայնքների, ինչպես նաեւ Կոտայքի մարզի Նոր Գեղի, Գառնիի, Գողթի եւ Կամարիսի «Կակաչ» մանկապարտեզների խոհանոցների գործունեությունը: Նշված մանկապարտեզներում ստուգումների արդյունքում հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ պայմաններին ներկայացվող պահանջների մի շարք խախտումներ, բացի այդ՝ մանկապարտեզներն ապահովված չեն եղել անխափան ջրամատակարարմամբ կամ հոսող ջրով:

Մանկապարտեզների տնօրեններին հանձնարարվել է սահմանված ժամկետներում վերացնել արձանագրված բոլոր խախտումները:

Ելնելով ստուգումների արդյունքում արձանագրված խախտումների բնույթից եւ գնահատված ռիսկերից՝ ծառայության պետի կողմից հրավիրված խորհրդակցության ընթացքում հանրապետության բոլոր մանկապարտեզներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարական է տրվել՝ առաջնահերթ ուշադրություն դարձնելով նաեւ սննդամթերքի մատակարարման գործընթացին: Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում ժամանակավորապես կասեցվել է Արմավիր քաղաքի թիվ 9, թիվ 6, թիվ 1 եւ թիվ 11 նախակրթական հաստատությունների աշխատանքը եւ վերաբացվել միայն արձանագրված խախտումների վերացումից հետո: Շիրակի մարզում կասեցվել է Նոր Կյանք եւ Սպանդարյան համայնքների մանկապարտեզների, ինչպես նաեւ «Արեւիկ» մանկապարտեզի գործունեությունը: Ժամանակավոր կասեցվել է նաեւ Տավուշի մարզի Ազատամուտ եւ Վայոց Ձորի մարզի Արփի համայնքների մանկապարտեզների գործունեությունը:

Ստուգումները հանրապետության մանկապարտեզներում շարունակվում են: