Բանակում ստացած հրազենային վնասվածքի պատճառով հաշմանդամ դարձած Սամվել Ավետիսյանի բուժման համար «Մենք» երիտասարդական նախաձեռնության կազմակերպած դրամահավաքի մի քանի ժամվա ընթացքում հավաքվել է 725.370 դրամ: Այս մասին այսօր՝ հուլիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Ավետիսյանի կինը՝ Էմմա Եղիազարյանը՝ հավելելով, որ ամբողջ գումարն արդեն փոխանցվել է Սամվելի հաշվեհամարին:
«Նորից դրամահավաքներ կլինեն, որոնք կկազմակերպեն Սամվելի ընկերներն ու «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը, մինչև որ կարողանանք հավաքել ամբողջ գումարը: Մենք այժմ ունենք 6000 եվրոյից մի քիչ շատ գումար: Հուսով ենք, որ մինչև սեպտեմբեր ամբողջ գումարը կկարողանանք հավաքել ու գնալ Գերմանիա բուժման համար»,-ասաց նա:
Էմմա Եղիազարյանը նշեց, որ 10.000 եվրոն անհրաժեշտ է իրենց նախնական ստուգումների, ճանապարհածախսի ու Գերմանիայում մնալու համար, որից հետո Սամվել Ավետիսյանի բուժման ծախսերը կհոգա «Կարմիր խաչը»:
Նշենք, որ 2012թ. բանակում ողնաշարի հատվածում հրազենային վնասվածք ստացած և արդեն 3 տարի անվասայլակին գամված Սամվել Ավետիսյանի՝ Գերմանիայում բուժման համար հուլիսի 22–ին Երևանի Հյուսիսային պողոտայում «Մենք» երիտասարդական նախաձեռնությունը կազմակերպել էր դրամահավաք: Դրամահավաքը մեկնարկել էր ժամը 17:00-ին եւ շարունակվել մինչեւ 23:00-ն: Դրամահավաքի շրջանակում թռուցիկներ են բաժանվել քաղաքացիներին, որոնց վրա գրված են եղել հաշվեհամարները, որոնցով քաղաքացիները կարող են գումար փոխանցել Սամվելի համար: Դրամահավաքի շրջանակում նաեւ իրականացվել է համերգային ծրագիր, որին մասնակցել են հայտնի եւ անհայտ երգիչներ:





























