«Տոն տեխնոլոգիական հայության համար» կարգախոսը կրող 11-րդ ամենամյա ԴիջիԹեք ցուցահանդեսն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 2-4-ը «Երեւան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում։

ԴիջիԹեք-ի հիմնական նպատակը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների, գործարար սպառողների եւ հասարակության միջեւ հաղորդակցման բարենպաստ միջավայր ստեղծելն է:

Ցուցահանդեսը բացառիկ հնարավորություն է հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հեռանկարները տեսնելու համար: Այն նաեւ միտված է միջազգային կապերի ստեղծմանն ու ընդլայնմանը:

Տարածաշրջանի ամենամեծ տեխնոլոգիական ցուցահանդեսն անցյալ տարի մասնակից ընկերությունների եւ այցելուների աննախադեպ աճ էր գրանցել: Կանխատեսվում է, որ դրական միտումը կշարունակվի նաեւ այս տարի: ԴիջիԹեք Էքսպո 2015-ին ակնկալվում է 130 տեղական եւ միջազգային ընկերությունների մասնակցություն եւ շուրջ  40 000 այցելություն:

Ցուցահանդեսի կազմակերպիչ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշում է. «Այս տարի ԴիջիԹեքն առանձահատուկ է միջազգային ընկերությունների կողմից ցուցաբերած մեծ հետաքրքրությամբ: Ցուցահանդեսին կմասնակցեն Թայվանի, Չինաստանի, Բելոռուսի եւ Ուկրաինայի մի շարք առաջատար ընկերություններ:

Բացի այդ, սպասվում է նաեւ սփյուռքահայ տեխնոլոգիական համայնքի այցելություն: ԴիջիԹեք էքսպոյի հանդեպ մեծ հետաքրքրություն է նկատվում նաեւ իրանական ընկերությունների կողմից, որոնք Հայաստանը դիտարկում են  նաեւ որպես արդյունավետ կամուրջ դեպի ռուսական մեծ շուկա»:

ԴիջիԹեքում ցուցահանդեսից բացի կանցկացվեն նաեւ ԴիջիԼայֆ սեմինարներ, Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտների ցուցադրություն, ռոբոտների փառատոն, «Բաց խաղ» համակարգչային խաղերի մրցույթում հայտարարագրված խաղերի ցուցադրություն, խաղային հեքեթոն, ինչպես նաեւ  աշխատանքի տոնավաճառ եւ այլ միջոցառումներ:

Նշենք, որ ամենամյա ցուցահանդեսն իրականացնում է ԻՏՁՄ-ի կողմից ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո։ Այս տարի ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Beeline-ը: