Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկում գայլերի ոհմակը հոշոտել է 10 ոչխար, 4 գառ՝ բնակչին հասցնելով մոտ 500-600 հազար դրամի վնաս: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց Կայքիի գյուղապետ Ռուբիկ Սարգսյանը:
Նա նշեց, որ դեպքը եղել է առավոտյան 3-4-ի սահմաններում, գայլը ջարդել ու մտել է գոմը, բնակիչը այդ ամենը հայտնաբերել է լուսադեմին:
Իսկ թե ով պետք է փոխհատուցի բնակչին, գյուղապետն ասաց, որ ընդհանրապես օրենքով գայլերի հոշոտման դեպքում փոխհատուցում նախատեսված չէ: «Ինչքան կարող եմ, ես կօգնեմ, մարզպետին կդիմենք, որ ամբողջ վնասը բնակչի վրա չմնա»,-ասաց Ռուբիկ Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 24-ին, ժամը 08.11-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Կայք գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գայլերը հոշոտել են մանր եղջերավոր անասունների (մոտ 10 գլուխ): Դեպքի վայր է մեկնել Ապարան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ գայլերը հոշոտել են 10 ոչխար:





























