ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը: Լուկաշին գյուղում բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը, ինչպես նաեւ համայնքի բնակիչները:
Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չէր իրականացվում: Ջրամատակարարման ցանցի աստիճանաբար քայքայման պատճառով համակարգում բազմաթիվ հոսակորուստներ կային, որոնք աղտոտման մեծ ռիսկ էին առաջացնում՝ պայմանավորված ցանցում տարբեր աղտոտիչների ներթափանցմամբ:
Ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն եւ հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Գյուղն ընդգրկվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Վերջինս ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն է, որն իրականացնում է Արմավիրի մարզի մի քանի համայնքների ջրային ենթակառուցվածքների կառավարումը: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլեւս չեն օգտագործվում, եւ խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում: Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր եւ 102 240 կվժ էլեկտրաէներգիա:
«ԱՄՆ-ի կառավարությունը լայնամասշտաբ տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի գյուղական համայնքներին, հատկապես դրանցից առավել կարիքավորներին: Մաքուր ջրամատակարարումը խիստ կարեւոր է առողջության եւ հիգիենայի համար: ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է համայնքներին վերականգնելու ջրամատակարարման մաշված ցանցերը՝ բնակչությանն ապահովելով հուսալի ջրամատակարարմամբ, միեւնույն ժամանակ խնայելով ջուրն ու էներգիան»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը:
«Դժվար թե որեւէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերատարությունը, որ դրսեւորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա՝ դիմանալով խմելու ջրի միակ աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին՝ հանուն հայրենի օջախում մի օր արժանապատվորեն ապրելու հույսի: Խոնարհվում եմ այս մարդկանց կամքի եւ առաքինության առջեւ: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզապես չէր կարող անտարբեր մնալ…»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ եւ Լուկաշին, ինչպես նաեւ Տավուշի մարզի Արծվաբերդ եւ Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման եւ բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000:





























