«Արաբկիր» բժշկական կենտրոնի սեփականատեր, ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը մտադիր չէ սեփականացնել Քանաքեռ-Զեյթուն հիվանդանոցին պատկանող մանկական պոլիկլինիկան։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Բաբլոյանը հերքեց մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց, ինքը մտադիր է սեփականաշնորհել այդ պոլիկլինիկան: Նշենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ կառավարության առաջիկա նիստում որոշում է կայացվելու անջատել մանկական պոլիկլինիկան հիվանդանոցից։
«Մենք որեւիցե առնչություն չունենք դրա հետ: Հիվանդանոց-բուրգի հատվածներից մեկը կոչվում է նոր «Արաբկիր» եւ, հավանաբար, ինչ-որ կապ են գտել մեր՝ «Արաբկիր» բժշկական համալիրի եւ այդ բուժհաստատության միջեւ: Չի բացառվում, որ պոլիկլինիկան ինքն անջատվելու մտադրություն ունի եւ այդ մասին բարձրաձայնել է, ինչն էլ նման թյուրիմացության տեղիք է տվել»,- ասաց նա: Արա Բաբլոյանը «աբսուրդ» անվանեց պոլիկլինիկան գնելու մասին խոսակցությունները՝ հավելելով, որ եթե անգամ իրեն առաջարկ արվի գնել այն, ինքը կհրաժարվի: «Ինձ համար ավելի լավ է զրոյից կլինիկա ստեղծել, քան հինը վերցնել եւ վերակառուցել: Ես նման ծրագիր չունեմ: «Արաբկիր» համալիրում մենք լիքը ներդրումներ պիտի անենք, մոտ մի քանի հարյուր միլիոն դրամի ծախսեր պիտի անենք՝ համալիրը վերակառուցելու համար: Ի՞նչ միտք ունի՝ մեկը դեռ չավարտած՝ մյուսն սկսենք»,-տարակուսեց Բաբլոյանը:
Ի դեպ, Արա Բաբլոյանը «Արաբկիր» համալիրի ընդամենը 10 տոկոսի համասեփականատերն է: Մյուս սեփականատերերի մեջ են մտնում պետությունը, «Արաբկիր միացյալ մանկականբարեգործական հիմնադրամը», ինչպես նաեւ կլինիկայի բժշիկներից մի քանիսը:



























