Հանրապետության հրապարակում էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկման պահանջով արդեն 9-րդ օրը նստացույց անող «Ոտքի Հայաստան» նախաձեռնության`  ՀԾԿ հանձնաժողովի հրաժարականի պահանջով  ստորագրահավաքին 4 ժամվա ընթացքում հավաքվել է 600-ից ավելի ստորագրություն: Այս մասին այսօր` օգոստոսի 6-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ոտքի Հայաստան» նախաձեռնության  խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

«4 ժամվա ընթացքում` 19:00-ից մինչեւ 23:00-ը, հավաքվել է  600-ից ավելի ստորագրություն: Այս պահին էլ է շարունակվում ստորագրահավաքը, սակայն քաղաքացիներն ավելի ակտիվ են հով ժամերին: Մենք նպատակ ունենք մի քանի հազար ստորագրույթուն հավաքել եւ երբ բավարար թվով ստորագրություն հավաքվի եւ հաստատվի այն փաստը, որը «Ոտքի Հայաստան» խորհրդի կողմից ՀԾԿՀ-ին ուղղված նամակում արտահայտված մտքի հետ համաձայն են բազմաթիվ քաղաքացիներ` կդադարեցնենք»,-ասաց նա` հավելելով, որ ստորագրահավաքը շարունակվելու է նաեւ օգոստոսի 11-ին Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ:

Անդրիաս Ղուկասյանը նաեւ տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակում նախաձեռնության 10-րդ գիշերն անցել է խաղաղ եւ ոստիկանությունն իր շուրջօրյա հերթապահությամբ հսկել է, որպեսզի իրենք չփորձեն հասնել  Հանրապոտության հրապարակի «գորգին»:

«Գիշերներն հանգիստ են անցնում, ոստիկանությունն իր շուրջօրյա հերթապահությունը կատարում է, որպեսզի մենք չկարողանանք Հանրապետության հրապարակի կենտրոն անցնել եւ այնտեղ սկսել մեր նստացույցը: Այսօր ժամը 18:00-ին կլրանա 248 ժամը, ինչ ոստիկանությունը կենդանի պատնեշ է կազմել, որպեսզի թույլ չտա մեր նստացույցն իրականացնել հրապարակի կենտրոնում»,-ասաց նա` հավելելով, որ նախաձեռնությունը այս պահի դրությամբ չի պատրաստվում որեւէ գործողություն նախաձեռնել` Հանրապետության հրապարակի «գորգին» հասնելու համար:

Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականը եւ ՀԷՑ–ի ազգայնացում: