Երեւանում օգոստոսի 6-ին հարգել են Հիրոսմիայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակը։ Միջոցառումն ընթացել է Երեւանի մանկական զբոսայգու Խաղաղության քար հուշարձանի մոտ։ Սա ատոմային պայթյունի էպիկենտրոնից 200 մ հեռավորության վրա գտնվող Այոի գետափով անցնող երկաթուղային գծի սալարկից հանված 188 քարերից մեկն է։

«Ուղիղ 70 տարի առաջ միայն այս ռումբի պատճառով Հիրոսիմա քաղաքում մահացավ 140 հազար մարդ։ Հենց այս ողբերգական դեպքից հետո քաղաքում հուշաքար են կառուցել՝ նվիրված ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին։ Հուշաքարի վրա գրված է. «Թող այս հոգիները ննջեն խաղաղության, քանզի մենք նման բան այլեւս թույլ չենք տա»։

Սա համայն մարդկությանը հղած ուղերձ է, որում շատ վառ արտահայտված է Հիրոսիմայի խաղաղասիրական ոգին։ Մենք պետք է ձգտենք հասնել ներդաշնակ գոյակցության եւ մարդկության բարգավաճմանը»,- հայտարարել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Էյձի Տագուչին։

«Հիկարի» հայ-ճապոնական մշակութային կենտրոնի ղեկավար Կարինե Փիլիպոսյանն իր հերթին հիշեցրեց, որ հայ երեխաները ամենամյա ավանդույթ ունեն թղթե կռունկներ եւ խաղաղության լապտերներ ուղարկել Ճապոնիա։

1945թ. օգոստոսի 6-ին Հիրոսիմա քաղաքի վրա ամերիկյան B-29 «Enola Gay» ռմբակոծիչի նետած ատոմային ռումբի պայթյունից տեղում մահացել էր 70-100 հազար մարդ։ Մինչեւ տարեվերջ այդ թիվն հասել էր 140 000-ի։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ը 2-րդ ատոմային ռումբը նետեց ճապոնական Նագասակի քաղաքի վրա։ Պայթյունից զոհվել էր 60-80 հազար մարդ։